«Սիրելի հաւատաւոր ժողովուրդ, այսօր ես շատ տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, որ այսօր մեր զինուորների մարմինները գտնւում են այնտեղ, ուր թշնամին է՝ գրաւեալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ»: Այս մասին, այսօր՝ 5 դեկտեմբերին, Ազատութեան հրապարակին վրայ «Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքի ժամանակ նշեց Դադիվանքի վանական համալիրի վանահայր՝ Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը:
«Կարո՞ղ էք ասել պատճառը որն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք: Հպարտութիւնը մեծ մեղք է: Այսօր բազում երկրներ, որոնք պատերազմի մէջ չեն, չեն ասում հպարտ քաղաքացիներ, բայց մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինուորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի ենք համարում:
Գիտեմ, որ եկել էք ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամէնը կռուի վերածել: Եթէ այդպիսիները կան, խնդրում եմ վաղը, միւս օրը հաւաքուենք ու գնանք այնտեղ, որտեղ պէտք է կռուենք: Այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում: Մենք պէտք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է: Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում: Երէկ յիմարները այնտեղ իրենց ծառայութիւնն են մատուցել, բայց մեր հոգեւորականների ներկայութեամբ: Այսօր դրա մասին պէտք է մտածենք: Մենք պէտք է հզօրանանք մեր հաւատքի, մեր սիրոյ մէջ: Գիտէ՞ք, երբուանից սկսեցինք պարտուել, երբ մեր ժողովրդի մէջ սկսեցինք պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սեւեր, արցախցիներ-հայաստանցիներ, բայց մենք հայ ենք: Մեր մէջ պէտք է լինի աստուածային սէր: Մենք կը գնանք ու կը յաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում»,-ըսաւ վանահայրը: