Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան, գիտնական Ավետիք Իշխանյանը։ Նա հայ մեծ լեզվաբան, հայագետ Ռաֆայել Իշխանյանի երկու որդիներից մեկն էր։ Հարազատները հայտնել են, որ տեւական եւ անբուժելի հիվանդության տառապանքները չերկարաձգելու համար Ավետիքը հրաժարվել էր արհեստական սնուցումից։ Փետրվարի 25-ին Ավետիք Իշխանյանը կդառնար 70 տարեկան։ Նա մահից առաջ նաեւ հրաժեշտի խոսք էր թողել, որ հարազատները հրապարակել են մահվան օրը։ Այդ խոսքում մտավորականը նշում է, որ 2020-ի պատերազմը հունից հանել է իրեն, նա մեղադրում է ներկա իշխանություններին՝ Արցախի կորստի եւ վերջին տարիների շատ իրադարձությունների համար եւ Վահան Տերյանի խոսքերով հրաժեշտ տալիս աշխարհին․
«․․․Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։ Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։
Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։
Հիշենք Վահան Տերյանին․
Հրաժեշտի գազել
Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:
Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:
Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով»: