image

Ատրպէյճանին առաջարկած ենք եւ կ՚առաջարկենք օր առաջ սկսիլ հաղորդակցութիւններու ապաշրջափակման գործընթացը. ԱԳՆ մամուլի խօսնակ

Ատրպէյճանին առաջարկած  ենք եւ կ՚առաջարկենք օր առաջ սկսիլ հաղորդակցութիւններու ապաշրջափակման գործընթացը. ԱԳՆ մամուլի խօսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարությանը, որով նա Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ «Արմենպրեսի» հետ զրույցում Բադալյանն առաջարկել է առկա փաստերով վերլուծել իրավիճակը։

Նախ, ըստ նրա, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ՌԴ խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց այսօր ո՛չ Լաչինի միջանցքը կա, ո՛չ էլ ՌԴ խաղաղապահները:

«Եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն ըստ էության նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ»,- նշում է Բադալյանը։

Նույն փաստաթղթով նաև նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում, սակայն մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված:

«Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի»,- ընդգծում է Բադալյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդհատ բարձրացվող` անհետ կորած անձանց հարցին, ապա ՀՀ-ն ևս ունի երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհետ կորած անձ, և այս հարցում նույնպես պատրաստ է համագործակցել:

Ըստ Բադալյանի՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետում, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, պարզ գրված է՝ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում:

«Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»,- շեշտում է Բադալյանը։

Նա հիշեցնում է, որ Հայաստանը, շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, Ադրբեջանին առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը: