12 Սեպտեմբերին՝ առաւօտեան 04:00-04:30-ի սահմաններուն, Արցախի Հանրապետութեան Մարտունիի շրջանի Կարմիր շուկայ եւ Թաղավարդ համայնքներու դիմաց տեղակայուած դիրքերէն ատրպէյճանական կողմը կրակահերթեր բացած է տարբեր տեսակի եւ տրամաչափի հրաձգային զէնքերու կիրառմամբ։ Կրակահերթերը տեւած են շուրջ 30 վայրկեան։ Այս մասին հաղորդած է Արցախի ՄԻՊ-ը:
«Այս պահին ճշդուած տեղեկութիւնների համաձայն՝ ատրպէյճանական յանցաւոր գործողութիւնների հետեւանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկայ համայնքում։ Տներից մէկի դէպքում գնդակը խոցել է երկրորդ յարկի պատշգամբի դուռը եւ թափանցել տան սենեակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թւում մէկ անչափահաս, գտնւում էին տանը եւ արթնացել են կրակահերթերից։
Միւս դէպքում արձակուած գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնուող շուաքարանը։
Ատրպէյճանական կրակոցներից տուժել է մէկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարեւանութեամբ տեղակայուած տան բակում յայտնաբերուել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։
ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերեալ քաղաքացիական բնակչութեան շրջանում վնասների վերաբերեալ փաստերի հաւաքագրման աշխատանքները շարունակւում են։
Այս գործողութիւնները Արցախի ժողովրդի կեանքի, ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիութեան դէմ ուղղուած ատրպէյճանական յանցաւոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացուող էթնիկ զտման քաղաքականութեան հերթական ապացոյցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն եւ խաթարել նրա բնականոն կեանքն ու գործունէութիւնը»,- գրած է ան։