ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյան.
«Եթե Շուշիի ու Բերձորի ազատագրմամբ Արցախի ու Հայաստանի Հանրապետության միջև ցամաքային կապ հաստատվեց, ապա դրանցից շուրջ երեք ամիս առաջ տեղի ունեցած Իվանյանի (Խոջալու) ազատագրմամբ (1992թ. փետրվարի 25-26) հնարավոր դարձավ կենսական նշանակության հաղորդակցության վերականգնումն օդային ճանապարհով, քանի որ օդանավակայանն այդ բնակավայրում էր:
Նախքան այդ ողջ Ստեփանակերտը շրջապատված էր ադրբեջանաբնակ բնակավայրերով, որոնք, փակելով բոլոր ուղիները, ստեփանակերտցիներին մատնել էին սովի ու արկակոծության:
Չեմ հիշում, թե դա Իվանյանի ազատագրումից առաջ էր, թե ավելի ուշ, սակայն այդ տարիներին այնքան էինք քաղցած ապրել օրերով, որ երբ մեր տանը սև հաց էինք թխում, եղբայրներով դրան ասում էինք «բուլկի հաց»... Եվ այդ սովը համատարած էր:
Ահա այդպիսի երկաթե շրջափակման մեջ էր Ստեփանակերտը, որ ոչինչ հնարավոր չէր հասցնել այնտեղ՝ նույնիսկ հումանիտար օգնության պիտակի տակ:
Այնպես որ ապրեն Իվանյանը ազատագրողները, որը հնարավոր դարձրեց արցախյան պատերազմի հաջորդ հաղթանակների կերտումը»: