ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։
Ըստ վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության հանձնառությունը խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով։
«Վարչապետն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում։
Հանդիպման մասնակիցները կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը։ Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կարևորել ԱՄՆ դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման հարցում։
Սենատոր Ուիքերը և կոնգրեսականները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը և ընդգծել ռազմավարական գործընկերության փաստաթղթով նախատեսված ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Նրանք նշել են նաև ԱՄՆ նոր վարչակազմի հետ ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը՝ երկկողմ օրակարգի շարունակական առաջմղման նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարներին», – նշված է հաղորդագրությունում։
Փետրվարի փետրվարի 3-7-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Սա նրա առաջին այցն է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից հետո։ Այցի շրջանակում վարչապետը մասնակցելու է 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։
Վաշինգտոնյան այցի շրջանակում ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում։