image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ Գևորգը համոզված է` արծաթագործությունն արվեստ է, ամեն մեկը չի կարող դրանով զբաղվել

Սիրիահայ Գևորգը համոզված է` արծաթագործությունն արվեստ է, ամեն մեկը չի կարող դրանով զբաղվել

«Արծաթագործությունն արվեստ է, ամեն մեկը դրանով զբաղվել չի կարող: Պետք է շունչ ու հոգի տաս արծաթին, խոսես հետը»,- ասում է սիրիահայ Գևորգ (Ջորջ) Տոշօղլանյանը:

Մեկ տասնամյակից ավելի է` նա արծաթագործությամբ է զբաղվում, պատրաստում նմանը չունեցող կախազարդեր, թևնոցներ, ականջօղեր:

«Սիրիայում մեքենաների ֆիրմաների անուններով բանալիների կախիչներ էի պատրաստում. բոլորը գիտեին, որ դա իմ ձեռքի գործն է: Այնտեղ շատ լավ էր վաճառվում: Իսկ Հայաստանում հիմնականում նռերով զարդերն են վաճառվում, հայկական տառերը: Լինում է` պատվիրում են, որ իրենց անուններով թևնոցներ, վզնոցներ պատրաստեմ»,- ասում է նա:

Գևորգը 2013-ին է Հալեպից Երևան տեղափոխվել, հատկապես սկզբնական շրջանում դժվարությունները շատ են եղել: Նախ որպես արծաթեղենի վաճառող է աշխատել շուկայում, ապա Հայաստանում վերսկսել է արծաթագործությամբ զբաղվել: Ինչպես ինքն է նշում` չի փորձում նմանվել ինչ-որ մեկին, ստեղծում է ինքնատիպ` միայն իրեն հատուկ զարդեր:

 

 


 

«Ճիշտ է, հիմա որոշ մարդիկ փորձում են նմանակել իմ արածները, անգամ ավելի էժան գին են դնում, որ վաճառվի, բայց ես գիտեմ, որ ինչքան էլ փորձեն, իմ պես չեն կարող անել: Նեղվում եմ մեկ-մեկ, բայց հետո հասկանում եմ, որ քանի դեռ ինձ կրկնօրինակում են, ես ավելի եմ կատարելագործվեմ, անընդհատ նոր ձևեր եմ հորինում»,- նշում է արծաթագործը:

Այս ընթացքում հասցրել է հայտնիների համար էլ զարդեր պատրաստել, որոնցից առանձնացնում է Քիմ Քարդաշյանի կախազարդն ու System of a down խմբի տղաների թևնոցները:

«Քիմի կախազարդի վրա «Ք» տառն էի փորագրել և հայկական զարդանախշեր արել, իսկ System of down-ի տղաների համար «1915»-ով փորագրված թևնոցներ էի պատրաստել, որոնք նախորդ տարի ապրիլի 23-ին պետք է նվիրեին նրանց»,- ասում է Գևորգը:

Չնայած Գևորգին Հայաստանում ոչինչ հեշտությամբ չի տրվել, այդուհանդերձ, նա չի դժգոհում պայմաններից, ավելին` չի հասկանում թևավոր խոսք դարձած «Երկիրը երկիր չի» արտահայտությունը:

«Նայում ես, հայ տղաներ կան՝ ժամերով նստում են «սեմուշկա» չրթում այգում, կամ 4-5 հոգով ժամերով նարդի են խաղում. դա հայ տղային սազական չէ: Ոնց կարելի է այդքան ժամանակ պարապ մնալ, ոչինչ չանել: Ամեն մեկն ինքն է ստեղծում իր ապրուստը, ուզում է Երևանում լինի, ուզում է ուրիշ տեղ»,- նշում է նա:

Գևորգի ցանկությունը մեկն է` զբաղվել սիրելի գործով, մարել տարիների ընթացքում կուտակված պարտքերը, և որ ամենակարեւորն է` ապրել հայրենիքում:

«Առաջին անգամ Հայաստան 2006-ին եմ եկել` որպես զբոսաշրջիկ: Այդ ժամանակվանից  սիրահարվել եմ Հայաստանին: Սա իմ երկիրն է, իմ հայրենիքը, ճիշտ է առեւտուրը շատ լավ չէ, գումար քիչ է մնում, բայց քանի կարող եմ, այստեղ եմ ապրելու` իմ հայրենիքում»,- ասում է նա:

 


 Հ.Գ.- Գևորգ Տոշօղլանյանի գործերը վաճառվում են Վերնիսաժում:

 

 

                                                              Տաթևիկ Սարգսյան/«Արևելքին»