image

Ռուսաստանում «Շառլի Էբդոյի»` ավիավթարին վերաբերող ծաղրանկարները համարել են սրբապղծություն

Ռուսաստանում «Շառլի Էբդոյի»` ավիավթարին վերաբերող ծաղրանկարները համարել են սրբապղծություն

Քաղաքական եւ կրոնական թեմաներով շահարկումներ եւ ծաղրանկարներ հրապարակող «Շառլի Էբդո» ֆրանսիական երգիծական շաբաթաթերթը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Շաբաթաթերթը ծաղրանքի առարկա է դարձրել ռուսական ավիացիայի պատմության  մեջ ամենադաժան վթարներից մեկը` հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի վթարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ֆրանսիական շաբաթաթերթը առնչություն է փնտրել Սիրիայում ռուսական միջամտության եւ ավիավթարի միջեւ, ծաղրանկարներից մեկում պատկերելով  ավտոմատն ուսին ահաբեկչի կերպար,  որի գլխին են թափվում օդանավի բեկորներ  եւ զոհվածների մարմիններ:  Ծաղրանկարը մակագրված է. «Ռուսական ավիացիան  եռանդորեն ռմբակոծում է»: Տեքստը, որ ուղեկցում է ծաղրանկարներին,  պարզապես անցել է չափի սահմանները. «Իսլամական պետության զինյալները 224 բաժին անվճար սնունդ են որսացել»:

Սկանդալային շաբաթաթերթի ծաղրանկարիչները երկրորդ ծաղրանկարում   պատկերել են մարդկային  գանգ` արեւային ակնոցով, որի տակ մակագրված է` «Ռուսական  low-cost-ի վտանգները: Ես պետք է թռչեի  Air Cocaine ընկերության  չվերթով»: Մեկնաբանության մեջ ակնարկ կա   Սարկոզիի անվանն առնչվող  ֆրանսիական միջադեպի մասին, որի արդյունքում Դոմինիկյան Հանրապետությունում հայտնաբերվել էր  մոտ 600 կգ կոկաին։ Սկանդալային պատմությունը ֆրանսիական մամուլում ներկայացվել է  «Էյր Կոկաին» բնորոշամբ

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Իգոր Մորոզովը սրբապղծություն է կոչել շաբաթաթերթի անդրադարձը, այն համարելով սադրիչ եւ նշելով, որ ֆրանսիական շաբաթաթերթի աշխատողները ոչ մի  իրավունք չունեն ծաղրելու ողբերգության զոհ դարձած մարդկանց,  պղծելու  նրանց հարազատների զգացմունքները, եւ հարցը պետք է քննարկվի միջազգային մակարդակով: