Քաղաքական եւ կրոնական թեմաներով շահարկումներ եւ ծաղրանկարներ հրապարակող «Շառլի Էբդո» ֆրանսիական երգիծական շաբաթաթերթը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Շաբաթաթերթը ծաղրանքի առարկա է դարձրել ռուսական ավիացիայի պատմության մեջ ամենադաժան վթարներից մեկը` հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում կործանված ռուսական օդանավի վթարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ֆրանսիական շաբաթաթերթը առնչություն է փնտրել Սիրիայում ռուսական միջամտության եւ ավիավթարի միջեւ, ծաղրանկարներից մեկում պատկերելով ավտոմատն ուսին ահաբեկչի կերպար, որի գլխին են թափվում օդանավի բեկորներ եւ զոհվածների մարմիններ: Ծաղրանկարը մակագրված է. «Ռուսական ավիացիան եռանդորեն ռմբակոծում է»: Տեքստը, որ ուղեկցում է ծաղրանկարներին, պարզապես անցել է չափի սահմանները. «Իսլամական պետության զինյալները 224 բաժին անվճար սնունդ են որսացել»:
Սկանդալային շաբաթաթերթի ծաղրանկարիչները երկրորդ ծաղրանկարում պատկերել են մարդկային գանգ` արեւային ակնոցով, որի տակ մակագրված է` «Ռուսական low-cost-ի վտանգները: Ես պետք է թռչեի Air Cocaine ընկերության չվերթով»: Մեկնաբանության մեջ ակնարկ կա Սարկոզիի անվանն առնչվող ֆրանսիական միջադեպի մասին, որի արդյունքում Դոմինիկյան Հանրապետությունում հայտնաբերվել էր մոտ 600 կգ կոկաին։ Սկանդալային պատմությունը ֆրանսիական մամուլում ներկայացվել է «Էյր Կոկաին» բնորոշամբ:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Իգոր Մորոզովը սրբապղծություն է կոչել շաբաթաթերթի անդրադարձը, այն համարելով սադրիչ եւ նշելով, որ ֆրանսիական շաբաթաթերթի աշխատողները ոչ մի իրավունք չունեն ծաղրելու ողբերգության զոհ դարձած մարդկանց, պղծելու նրանց հարազատների զգացմունքները, եւ հարցը պետք է քննարկվի միջազգային մակարդակով: