Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 22-ին ընդունել է ՀՅԴԼիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը, որի կազմում են եղել Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանը:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից տեղեկանում ենք, որ շուրջ մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել է Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:
ՀՅԴ գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է. «Իբրև Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի անդամ, Լիբանանի ՀՅԴ կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին փոխանցեց Թավշյա հեղափոխության հաջողության անհրաժեշտությունը և այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվեց, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը և գործակցային ոգին՝ կանխելու հաջողությանը խանգարող ցանկացած կասկածելի փորձ:
ՀՅԴ պատվիրակությունը Հայաստանի վարչապետին նաև փոխանցել է Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման ջանքերին և միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսևորվող որևէ բացթողումի կամ տատանումի ժամանակ»:
Վարչապետ Փաշինյանը, ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, նշել է, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի առումով:
