Մեկ տարի առաջ այս օրը` նոյեմբերի 12-ին ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվեց պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Ուղղաթիռը Արցախում մասնակցում էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին։ Հարվածի արդյունքում հայկական ուղղաթիռը պայթել և վայր է ընկել հայկական դիրքերից ոչ հեռու։
Ըստ Ադրբեջանական ՊՆ տարածած հաղորդագրության՝ հայկական ուղղաթիռը հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա, ինչի արդյունքում վերջիններս կրակ են բացել և ոչնչացրել են այն:
Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ուղղաթիռը զինված չի եղել:
Ուղղաթիռի խոցման արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը՝ Սերգեյ Սահակյանը, Սարգիս Նազարյանը, Ազատ Սահակյանը: Ուղղաթիռը խոցել է ադրբեջանական բանակի զինծառայող Իլկին Մուրադովը։ Միջադեպից հետո զինծառայողը ստացել է ծառայության ընթացքում 3-րդ աստիճանի գերազանցության մեդալ:
Ուղղաթիռի կործանմանը հաջորդած օրերին ադրբեջանական կողմը կրակահերթի տակ է պահել տարածքը՝ թույլ չտալով զոհված անձնակազմի մարմինների դուրս բերումը։
Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են երկրորդ հայտարարությունը, որում կոչ են անում ադրբեջանական կողմին թույլ տալ հայկական կողմին մոտ գալ ուղղաթիռին՝ մահացած օդաչուներին տարհանելու նպատակով։ Իրենց հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ ուղղաթիռը ընկել է չեզոք գոտում։ Հայտարարությունը հետին թվով ձևափոխվել է՝ դառնալով «ոչ ոքին պատկանող տարածք»:
Նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացրած գործողության արդյունքում տեղանքից տարհանվել են մահացած անձնակազմի մեկ անդամի դի, երկու անձնակազմի անդամի մասունքներ, ուղղաթիռի որոշ մասեր, մասնավորապես սև արկղերը։ Գործողության արդյունքում ադրբեջանական կողմը ունեցել է երկու կորուստ:
Մանրամասները` հայերեն Վիքիպեդիայում