image

Մայր Թերեզան սրբադասվեց

Մայր Թերեզան սրբադասվեց

Քիչ առաջ Վատիկանի  «Սուրբ Պետրոս» տաճարում կրոնական արարողության ավարտից հետո  Մայր  Թերեզան դասվեց սրբերի շարքը:  2003 թվականին Հռոմի Պապը Մայր Թերեզային համարել էր երանելի, ասելով. «Նա իր ողջ կյանքի ընթացքում չի հոգնել օգնության ձեռք մեկնել աշխարհի բոլոր աղքատներին»

Աշխարհի ամենահայտնի կաթոլիկ միանձնուհին  «Գթասրտության օրդենի» հիմնադիրն էր, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Նա ստացել է նաև Նոբելյան մրցանակ: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Մայր Թերեզան ժամանել է Հայաստան, այցելել աղետի գոտի, այնուհետև հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ: Ըստ չճշտված տեղեկությունների, այդ հանդիպման ժամանակ Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: 

Ավելի ուշ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր»  կայքի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը հաստատել է այդ տեղեկությունը: Նա ասել է, որ Վազգեն Ա-ն այն հայտնել է Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո: «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: Նրա իսկական ազգանունը Բոյաջյան է, հայրը Արևմտյան Հայաստանից է գաղթել Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է: Իսկ հանդիպումից անմիջապես հետո, երբ 20-25 միաբաններով հավաքված էինք, Վազգենն Առաջինը, որին լուրը ոչ միայն ուրախացրել էր, այլ նաև զարմացրել, այդ մասին պատմեց մեզ»,-ասել է Պարգև Սրբազանը: