Երեկ Թել Ավիվում մահացել է հրեա գործիչ, Իսրայելի կրթության նախկին նախարար Յոսի Սարիդը: Նա համարվում է հայասեր գործիչ, հայտնի է հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարած աշխատանքով: Յոսի Սարիդը քաղաքական լրագրող-մեկնաբան էր, Քնեսեթի նախկին անդամ, աշխատել է նաև արտաքին հարաբերությունների և անվտանգության կոմիտեում, եղել է շրջակա միջավայրի նախարարը`1993-1996 թթ.-ին: 2005 թ. նա մասնակցել է ցեղասպանությանը նվիրված երևանյան համաժողովին: Յոսի Սարիդը այն եզակի հրեա գործիչներից էր, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբանց հայկական մայրավանքի մեջ բազմիցս մասնակցել է Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին: Քաղաքական գործիչը Իսրայելի կառավարությունից պահանջել է ճանաչել հայոց ցեղասպանությունը, նշվում է, որ հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև մի շարք այլ դրդապատճառներով նա կորցրել է նախարարական աթոռը և մասամբ հեռացել Իսրայելի քաղաքական դաշտից: