image

Կանադայում ապրիլը Ցեղասպանության հիշատակման, եւ կանխարգելման ամիս հռչակելու մասին հայտարարությունը

Կանադայում ապրիլը Ցեղասպանության հիշատակման, եւ կանխարգելման ամիս հռչակելու մասին հայտարարությունը

Ինչպես տեղեկացրել ենք՝ Կանադայի «Հայ դատի» հանձնախումբն ապրիլի 3-ից «Թուրքիա. ամոթի 30 օր» խորագրով լրատվական քարոզարշավ է սկսել:

Քարոզարշավի շրջանակներում «Թուրքիա. Ամոթի 30 օր» քարոզարշավի շրջանակներում Կանադայի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է 2015 թվականի ապրիլի 24-ին Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC), Իսրայելի և հրեաների հարցերի կենտրոնի (CIJA), Ուկրաինա-կանադական կոնգրեսի (UCC) և 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրածների «Հումարա» միության համատեղ հայտարարությունը` ապրիլը Կանադայում Ցեղասպանության հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս հռչակելու մասին:

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

 

2015 թվականի ապրիլի 24-ին Կանադայի Համայնքների պալատը պատմական առաջարկով հանդես եկավ՝ ապրիլ ամիսը Ցեղասպանության հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս հռչակելու մասին:

 

Խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի աջակցությամբ՝ Կանադայի օրենսդիր մարմինը այս քայլով վերհիշում է իր կողմից ճանաչված բոլոր ցեղասպանությունները՝ 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը, հրեաների Հոլոքոստը, 1932-33թթ ուկրաինական Հոլոդոմորը և 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը:

 

Կանադայի խորհրդարանը նաև ճանաչել է Բոսնիայի ցեղասպանությունը, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում այսօր էլ շարունակվող ցեղասպանությունը՝ եզդիների նկատմամբ:

 

587-րդ առաջարկը միաձայն ընդունվեց հայկական, հրեական, ուկրաինական և ռուանդական համայնքների համատեղ ջանքերի շնորհիվ, որոնց նպատակը ցեղասպանությունների ճանաչումը, դատապարտումը և ապագա ցեղասպանությունների կանխումն է` միջազգային հանրության ուշադրության շնորհիվ:

 

2015 թվականի ապրիլի 24-ին Կանադայի խորհրդարանը ամուր և միասնական ուղերձ հղեց. այն վերահաստատեց Կանադայի հանձնառությունը ցեղասպանությունները կանխելու կարևոր գործում և ընդունեց, որ ապագայում ցեղասպանությունները կանխելու գործում առաջին քայլը անցյալում կատարված ցեղասպանությունները հիշելը և դատապարտելն է:

 

Տարբեր համայնքների միջև այս համագործակցությունը կենսական նշանակություն ուներ որոշման ընդունման հարցում: Որոշում, որը բարձր է պահում Կանադայի հիմնարար արժեքները՝ հարգանքը, հանդուրժողականությունը և միջմշակութային երկխոսությունը մի երկրում, որտեղ մշակութային բազմազանությունը ոչ թե թուլություն, այլ ամրություն է նշանակում:

 

Մենք լիահույս ենք, որ արդարությանը և մարդու իրավունքների համար մեր համատեղ ջանքերը օրինակ կծառայեն միջազգային հանրության համար, քանի որ մեր նպատակը աշխարհը յուրաքանչյուրի համար ավելի ընդունելի դարձնելն է:

 

Վստահ ենք, որ Կանադայի հաջորդ կառավարությունները կգործեն այս որոշման տառին համապատասխան և հավատարիմ կմնան ապագա ցեղասպանությունները կանխելու համար անցյալի ցեղասպանությունների հիշատակման և դատապարտման գործին: