image

Հայը պատմում է, թե ինչպես էին հայկական եկեղեցում ԴԱԵՇ-ի զինյալները մարդ սպանում. Տեսանյութ

Հայը պատմում է, թե ինչպես էին հայկական եկեղեցում ԴԱԵՇ-ի զինյալները մարդ սպանում. Տեսանյութ

Արաբական «Ախպար Ալան» կայանը տեսանյութ է հրապարակել Սիրիայի Թել Աբյադ քաղաքի մասին, որտեղ լրատվամիջոցը հանդիպել եւ զրուցել է Սարգիս անունով հայի հետ: Բնիկ թելաբյադցի Սարգիսը ԴԱԵՇ-ի կողմից քաղաքի գրավման ողջ ընթացքում մնացել է այնտեղ եւ ականատես եղել տեղի ունեցած սարսափներին:  Թել Աբյադի հայկական եկեղեցու հարեւանությամբ ապրող հայը ԴԱԵՇ-ից իր տանն ապրելու իրավունք է ստացել գլխահարկը  (ջեզիե)  վճարելուց հետո միայն: Ոչ մահմեդականների վրա դրված պարտադիր այս հարկը կազմել է 107 հազար սիրիական լիրա, որը շուրջ 200 դոլար է: Կայանը սակայն չի նշել՝ ամսակա՞ն է վճարվել այդ գումարը, թե՞ տարեկան:

Ինչպես տեսանյութում պատմում է  Սարգիսը, ԴԱԵՇ-ը հայկական եկեղեցին ռազմական կենտրոնի էր վերածել եւ այրել այնտեղ եղած բոլոր իրերը:  ԴԱԵՇ-ի հեռանալուց հետո նա ստանձնել է եկեղեցին մաքրելու եւ վերականգնելու գործը:

Թելաբյադցի հայը ցույց է տալիս եկեղեցում ԴԱԵՇ-ի կողմից կառուցված բանտախցերը, որոնցից ինքը միշտ լսել է բանտարկյալների գոռգոռոցները, որտեղ նրանք անասելի տանջանքների եւ կտտանքների են ենթարկվել:

«Չարչարում էին, սպանում էին, մորթում էին... Ամեն ինչ տեսել եմ»,-ասում է նա: 

 


Դպրոցը, ուր նախկինում հայ աշակերտներ էին սովորում, վերածվել էր զինյալների կրոնի տարածման եւ զենքի ու սպանության՝ իրենց կողմից ընդունված միջոցների դասավանդման կենտրոնի: Գրատախտակների վրա նրանք այդ մասին նույնիսկ նշումներ են թողել:  

Սարգիսն ականատես է եղել շատ սպանությունների, որոնք գործադրվել են հենց հայկական եկեղեցում կամ  բակում: Նրա տան պատուհանը նայում է եկեղեցուն: Ինչպես պատմում է, վարագույրների արանքից բացված փոքր ճեղքից սարսափով նայել է,  թե ինչպես են սպանում մարդկանց եւ ինչ վայրագություններ են կատարվում զինյալների կողմից: «Մարդ էին բերում, գլուխը ծածկում էին պարկով եւ փայտի վրա դնելով սրով գլխատում էին:  Չնայած վախենում էի, բայց նայում էի: Կյանքիցս զզվել էի, բայց ստիպված էի լուռ մնալ»,-ասում է նա:

Կայքը նշում է, որ սիրիական Թել Աբյադ գավառի համանուն վարչական կենտրոնը մեկուկես տարի ԴԱԵՇ-ի տիրապետության տակ մնալուց հետո 2015-ի հուլիսին ազատագրվել է, սակայն այն ամբողջովին չի կարելի խաղաղ վայր համարել:  Ըստ կայանի,  Թել  Աբյադն այսօր էլ գտնվում է ծանր սպառնալիքների տակ, քանի որ  քաղաքը շատ մոտ է ԴԱԵՇ-ի գլխավոր կենտրոն համարվող Ռաքքային, որի ուղղությամբ պատերազմական   մեծ   գործողություններ են սպասվում: Աղբյուրը նաեւ նշում է, որ Թել Աբյադի համար հիմնական սպառնալիք է համարվում սահմանին տեղակայված թուրքական բանակը: