Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան, հրապարակախոս Սեւան Նշանյանը յոթ օրով ազատ է արձակվել թուրքական բանտից: Այդ մասին «Արեւելքին» հայտնեց ինքը` Սեւան Նշանյանը, նշելով, որ իր մեկ շաբաթվա ազատ արձակումը հավանաբար բանտի փոփոխության հետ է կապված, եւ ինքը հիմա կրում է «բանտային բաց ռեժիմ»: Հայտնի է, որ 2013-ի դեկտեմբերին թուրքական իշխանությունները ապօրինի շինարարության համար ձերբակալեցին եւ բանտարկեցին Սեւան Նշանյանին: Թե' Նշանյանը, թե' նրան սատարողները վստահ են, որ ապօրինի շինարարությունն ընդամենը պատրվակ է, եւ գործադրված որոշումը քաղաքական է. պոլսահայ լրագրողը հայտնի է Թուրքիայի իշխանությունների նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ եւ թուրք ազգայնականների ու պահպանողականների հանդեպ սուր քննադատությամբ: Նա գրքերի եւ հոդվածների հեղինակ է: 2014-ին պոլսահայ մտավորական Սեւան Նշանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգեւի՝ Վիլյամ Սարոյանի անվան մեդալի:
Չնայած մամուլում նշվում էր, որ Սեւան Նշանյանը ազատազրկվել է երկու տարով, սակայն նա «Արեւելքին» հայտնեց, որ իր դեմ հրապարակված բոլոր դատավճիռները միասին վերցրած, իր ազատազրկումը կազմում է 16 տարի, ընդ որում, ինչպես նշեց Նշանյանը, իր գործով եւս մեկ դատավարություն կա, որից հետո թերեւս ավելանա ազատազրկման ժամկետը: