168.am-ի տեղեկություններով՝ Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը պատկանում է «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Ինքնաթիռը, սակայն, գրանցված է ոչ թե Հայաստանում, այլ Տաջիկստանում: Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։
Պապիկյանն իր ավիաընկերությունը գրանցել է 2007-ին։ Երևանից բացի, նրա ընկերությունը գրասենյակ ունի Արաբական Միացյալ Էմիրություններում, նաև օդային բեռնափոխադրումներ է իրականացնում Աֆրիկայում ԱՆ-12 և ԻԼ-76 ինքնաթիռներով։ «Taron-Avia»-ի պարկն այժմ կազմված է երեք Boeing 737-500 ինքնաթիռներից:
«Taron-Avia»-ի ինքնաթիռները մինչ այս շահագործվել են հայկական ավիաընկերությունների կողմից։ 1994թ. արտադրված մի Boeing ինքնաթիռն այս ընկերությունը 2013թ. ձեռք էր բերել լիզինգով և վարձով էր տվել «Air Armenia»-ին։ «Երբ «Air Armenia»-ն դադարեցրեց թռիչքները, ինքնաթիռները վերադարձրեցինք։ Շուտով լիզինգի ժամկետը կավարտվի, և այն կդառնա մեր սեփականությունը»,- մի առիթով ասել է Գառնիկ Պապիկյանը: Մյուս երկու Boeing-ների առքուվաճառքի գործարքն ավարտվել է վերջերս։ Դրանք նախկինում շահագործվել են 2013-ին սնանկացած «Armavia»-ի կողմից
168.am -ի փոխանցմամբ՝ «ԱՆ-12»-ի օդաչուները եղել են հայեր, ովքեր նախկինում աշխատել են Հայկական քաղավիացիայում, սակայն վաղուց համարվում են Տաջիկստանի օդաչուներ (Տաջիկստանի ավիացիայի կողմից տրված վկայականներով):