Սիրիայի պատերազմի պատճառով Հալեպի հայկական կառույցներն ու կազմակերպությունները զգալի վնասներ են կրել: Որոշ կազմակերպություններ պարզապես դադարել են գործելուց, սակայն Հալեպի հայկական ծերանոցը, պատերազմի պայմաններում, շարունակում է գործել: Այդ մասին «Արեւելք»-ին հայտնեց Հալեպի ծերանոցի խնամակալ Աննա Տեր-Յակոբյանը:
Հալեպի հայկական հնագույն ծերանոցն այսօր գործում է ոչ նախկին վայրում` Բոստան ալ Փաշա շրջանում: «Պատերազմի սկզբում ծերերը, որ այդ ժամանակ մոտ 60 հոգի էին, տեղափոխվել են Նոր գյուղի «Վերժին Գյուլբենկյան» մայրանոց, որը տարիներով փակ էր: Այժմ այդ շենքում գործող Հալեպի հայկական ծերանոցում 30 հոգի է ապրում»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը, նշելով, որ բոլորը չէ, որ ծերանոցային տարիքի են: Կան նաեւ 50 տարեկանին մոտ պատսպարյալներ, որոնք ապրելու ոչ մի միջոց չունեն եւ այս պահին ծերանոցում են: Նա նաեւ հայտնեց, որ նախկին ծերանոցի շենքը, որ մինչեւ պատերազմը բավականին բարեզարդվել էր, իսկ պատերազմից անմիջապես առաջ էլ շենքի հիվանդանոցային բաժինն էր նորոգվել, պատերազմի պատճառով շատ վնասներ է կրել, եւ իրենք տեղյակ չեն թե ում տիրապետության տակ է գտնվում այն եւ ինչ վիճակում է:
Աննա Տեր-Հակոբյանը տեղեկացրեց, որ Հալեպի ծերանոցում ապրողներին օգնում են տարբեր կազմակերպություններ, ինչպես` Հայ Օգնության Միությունը, անհատ բարերարներ, բայց ամենամեծ օժանդակությունը ծերանոցը ստանում է առաջնորդարանից. «Մեր ծերանոցը Հալեպի միակ կառույցն է, որին ուշադրություն են դարձնում երեք հայկական կրոնական համայնքները` առաքելական, ավետարանական եւ կաթոլիկ: Չնայած երկրում տիրող վատ վիճակին, ծերանոցը, կարող ենք ասել, լավ վիճակում է»: