image

81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը

81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը

ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները:   

Ըստ արդյունքների՝ կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր. ըստ այդմ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

«Այսպիսով ԱԺ-ն համաձայնություն է տալիս ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»,-ասաց Գագիկ Մելիքյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումն էր: 

Հիշեցնենք նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել էր իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է։   

Նշենք որ ներկայացվեց նաև ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման գաղտնի քվեարկության կարգը:

Քվեարկությունը կտևի կես ժամ: