ՀԲԸՄ-Ի յայտարարութիւնը Հայաստանի անկախութեան 30-ամեակի կապակցութեամբ
Երեսուն տարի առաջ՝ Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կողմ քուէարկեց անկախ եւ ինքնիշխան պետութեան ստեղծմանը։ Դարեր շարունակ պատմական Հայաստանը ապրել է առանց անկախ պետականութեան՝ իրար յաջորդող կայսրութիւնների կազմում, իսկ կարճատեւ կեանք ունեցած Առաջին հանրապետութիւնը վերջնարդիւնքում նոյնպէս դարձաւ Խորհրդային մեծ պետուեյան մասը։
1990-ական թուականներին ապրող մարդկանց համար անկախ պետութիւն ունենալը նման էր երազի, որը մէկ գիշերում իրականութիւն դարձաւ՝ սփոփելով նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների եւ նրանց սերունդների հոգիները, ովքեր հնարաւորութիւն ունեցան տեսնելու, թէ ինչպէս է հայոց եռագոյնը վեր բարձրանում Միաւորուած ազգերի կազմակերպութիւնում։ Նմանապէս, Երեւանում անկախ Հայաստանի քաղաքացիների կողմից Լենինի արձանի տապալումը եւ դրան զուհագեռ հայկական խորհրդարանի առաջին նստաշրջանի բացումը խորհրդանշական էին հաւաքական հոգեբանութեան փոփոխութեան առումով։
Այսուհետ, հայկական ազգային ինքնութիւնը այլեւս միայն անցյալի ողբերգութիւնների կրողը չէր, այլեւ նոր բացուած անսահման հնարաւորութիւնների, որոնք հայ ազգին դարձնելու էին արդի համաշխարհային ընտանիքի մի մասը։ Ազատ հայրենիքը դարձաւ աշխարհի տարբեր անկիւններում ապրող հայերի ուշադրութեան առարկան։ Հայկական սփիւռքը, ով համարում էր անկախ հայրենիքը սեփական ժառանգութեան եւ ինքնութեան պահպանման երաշխաւորը, ակտիվօրէն սատար կանգնեց անկախութեան մարտահրաւէրների եւ հնարաւորութիւնների բովով անցնող Հայաստանին՝ մասնակցելով պետականաստեղծման գործընթացին։
Սակայն, շուտով այս ոգեւորութիւնը փոխարինուեց դառը իրականութեամբ, երբ Հայաստանը ենթարկուեց պատերազմի եւ տնտեսական մարտահրաւէրների պատճառով ստեղծուած դժուարութիւններին եւ անյաջողութիւններին։ Միայն Արցախեան առաջին պատերազմի աւարտից յետոյ Հայատանը սկսեց թեւակոխել վերակառուցման եւ ստեղծարար աշխատանքի նոր դարաշրջան։
Որպէս զարգացող պետութիւն՝ Հայաստանը յաջորդող տարիներին հնարաւորութիւն ունեցաւ ցոյց տալ աշխարհին իր իւրօրինակ արժէքը։ Մինչ 2000-ականների կէսը զբօսաշրջութիւնը, գիւղատնտեսութիւնը եւ նորարարական տեխնոլորգիաները եկան փոխարինելու շարքից դուրս եկած խորհրդային արդիւնաբերութեան վրայ հիմնուած տնտեսութեանը։
1990-ականների սկզբի Երեւանի փոշոտ փողոցները, քանդուած շէնքերը եւ ճանապարհները փոխարինուեցին ժամանակակից մայրուղիներով, առաջատար սարքաւորումներով եւ համակարգերով զինուած ենթակառուցուածքներով, ապահով ու կոկիկ դպրոցներով եւ համերգասրահներով, գերժամանակակից օդանաւակայանով, բազմազան խոհանոցներ ունեցող ռեստորաններով եւ շքեղ միջազգային հիւրանոցներով, բազում առեւտրի կենտրոններով, դեսպանատներով եւ այլն։ 1988թ․ աւերիչ երկրաշարժի արդիւնքում գետնին հաւասարեցուած Գիւմրին այսօր դարձել է բարձր տեխնոլոգիական հանգոյց սթարթափների համար՝ նոր կեանք հաղորդելով երիտասարդներին եւ զբօսաշրջիկներին հրապուրող ստեղծարար մշակոյթին։
Հեռաւոր բնակավայրերը, որտեղ գործազրկութիւնը երկար տարիներ հետեւողականօրէն քայքայում էր ընտանեկան եւ համայնքային համախմբուածութիւնը, վերջին տասնամեակում ականատես են եղել կին գործարարների նշանակալի ակտիվութեանը, որոնց կարեւոր աջակցութիւն է տրամադրուել իրենց նախաձեռնութիւնները կեանքի կոչելու համար։ Բացի այդ, այսօր տարբեր համայնքներում գործում են տեխնոլոգիական կենտրոններ, որտեղ պատանիները դասերից յետոյ ծանօթանում են նորարարական տեխնոլոգիաներին՝ միջազգային հարթակներում մրցակցային դառնալու նպատակով։ ՀԲԸՄ-ն իր գործընկերների հետ միասին աջակցում է այսօրինակ նախաձեռնութիւններին՝ ձգտելով հաւասար հնարաւորութիւններ ստեղծել հայ կանանց եւ երիտասարդների համար։
Բարձրագոյն կրթութեան ոլորտում գործող Հայաստանի ամերիկեան համալսարանը, որի համահիմնադիրն ու կարևոր աջակիցն է նաև ՀԲԸՄ-ն, այս ընթացքում կարողացել է փոխել բազմաթիւ հայ երիտասարդների աշխարհայեացքը։
Հայաստանի առողջապահութեան համակարգը նոյնպրս, ՀԲԸՄ-ի եւ հայերի կողմից հիմնադրուած առաջատար առողջապահական կազմակերպութիւնների օգնութեամբ, հետեւողականօրէն առաջընթաց է ունեցել։ Համավարակի եւ պատերազմի ժամանակ Արեւմուտքում վերապատրաստուած տեղացի բժիշկները եւ մասնագէտները, իրենց օտարերկրեայ գործընկերների հետ ուս-ուսի տուած, իրականացրել են կեանքեր փրկած բարդ վիրահատութիւններ եւ ախտորոշման լաւագոյն սարքաւորումների միջոցով բուժել զինծառայողների եւ քաղաքացիական մարդկանց։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մերձաւոր Արեւելքի, Եւրոպայի եւ Լատինական Ամերիկայի հայազգի գործարար հսկաները եւ բարեգործները հայ ժողովրդի նշանաւոր զավակներն են, որոնք պատմութեան մէջ կը մնան որպէս առաջին ռահվիրաներ եւ մեծ երազողներ։ Զուգահեռ, այսօրուայ հայ երիտասարդները շարունակաբար այցելում են իրենց հայրենիք՝ կապուելու իրենց ազգային արմատներին եւ մասնակցելու հայրենիքի շէնացման ծրագրերին՝ ամուր կապեր հաստատելով իրենց տեղացի հասակակիցների հետ։ Բացի այդ, ՀԲԸՄ կրթաթոշակները հնարաւորութիւն են տուել մի շարք հայաստանցի ուսանողներին ի կատար ածել իրենց երազանքները և սովորել աշխարհի լաւագոյն համալսարաններում՝ դառնալով մրցակցային, փորձառու եւ պրոֆեսիոնալ հայեր՝ պատրաստ ծառայելու իրենց հայրենիքին։
2018թ․-ի իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանում յաջորդաբար անցկացուեցին միջազգային կառոյցների կողմից ազատ եւ արդար ճանաչուած ընտրութիւններ։ Աւելին, ընտրողների նախընտրութիւնները շարունակում են հիմնուած լինել ժողովրդավարական արժէքների վրայ՝ միեւնոյն ժամանակ հաւատարիմ մնալով գործընկերների հետ ռազմավարական կարեւորութիւն ունեցող յարաբերութիւնների պահպանմանը։
Այս տարի անկախութեան տարեդարձը խորհելու առիթ է տալիս, թէ արդեօք Արցախեան երկրորդ պատերազմից յետոյ ստեղծուած նոր աշխարհաքաղաքական իրողութիւններից եւ ներքաղաքական սուր պայքարից թուլացած անկախ հայկական պետութիւնը կարող է ուղղել իր մէջքը եւ յաղթահարել այս ամէնը։
ՀԲԸՄ-ն, որպէս Սփիւռքի ամենահին կառոյցներից մէկը, ով ազգային ճգնաժամերի ժամանակ մշտապէս կանգնած է եղել առաջնագծում, այսօրուայ մարտահրաւէրներին մօտենում է երկարաժամկէտ հեռանկարի տեսանկիւնից։ Մեր ձգտումը՝ ժողովրդին վեր դասել քաղաքական գործընթացներից, օրհասական իրավիճակներում հայ ժողովրդի դիմացկունութեան մասին անթիւ պատմութիւնների ստեղծման պատճառ է դարձել։ Սերտ շփումները աշխարհի տարբեր անկիւններում, գիւղերում եւ քաղաքներում ապրող հայ մարդկանց ու ընտանիքների հետ, ինչպէս նաեւ հայ ժողովրդի պատմութեան շրջադարձային պահերը վեր են հանել վճռականութեան եւ յոյսի մի ընդհանուր գիծ, որը կապում է բոլորիս՝ որպէս մէկ միասնական հայ ազգի։
Մենք հաւատում ենք ազատ Հայաստանին, քանզի նրա մէջ է ամփոփուած հայկական ոգու էութիւնը, որը առկայ է աշխարհում ապրող ամէն հայի մէջ։
Եւ երբ ոչինչ չի խանգարում հային լինել հայ, ապա մեր ձեռքբերումները ցանկացած ոլորտում կարող են սահմաններ չճանաչել։ Չնայած անկախութեան առաջին տարիների դժուարութիւններին, մենք հաւատարիմ եղանք մեր ուղուն եւ հետեւապէս իրաւունք չունենք այսօր մէջքով շրջուել դէպի այն ամէնը, ինչը կատարուել է նախորդ երեսուն տարիներին։
Երեսուն տարին պետութեան համար բաւական քիչ ժամանակ է, սակայն Հայաստանը պէտք է արդէն թերթի «նորաթուխ ժողովրդավարութեան» էջը։ Թէեւ ոչ իր լաւագոյն ձևով, սակայն, Հայաստանը նախքան պատերազմը հաստատակամ էր նոր թափ հաւաքել եւ առաջընթաց ապահովել մի շարք կարեւոր հարցերում։ Մենք անկեղծօրէն յուսով ենք, որ այս նշանակալի տարեդարձը կը յիշեցնի աշխարհի բոլոր հայերին, որ երեսուն տարի անց մենք չենք կարող եւ չենք պատրաստւում ետ ընկրկել կամ կորցնել մեր վստահութիւնը մեր ուժերի նկատմամբ։
Մենք «ի հեճուկս ամէն ինչի» ժողովուրդ ենք, եւ աշխարհը պէտք է ընդունի մեր այս ինքնատիպ յատկանիշը, որպէսզի այլեւս չանտեսի հայ ժողովրդի վախճանի մասին հնամաշ կանխատեսումները։ Ժամանա՛կն է՝ աշխարհը հաւատայ Հայաստանին։ Ժամանա՛կն է, որ մենք՝ հայերս հաւատանք մեր ուժերին։
Միութիւնը զօրութիւն է։
21 Սեպտեմբեր 2021թ.