Ղազախստանում կայացած ԵՏՄ գագաթաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները Եւրասիական տնտեսական յանձնաժողովի նախագահի պաշտօնում հաստատեցին ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆում Հայաստանի ներկայիս դեսպան Տիգրան Սարգսեանի թեկնածութիւնը: ԵՏՄի պայմանագրով այդ պաշտօնը զբաղեցւում է 4 տարի ժամկէտով: Փաստօրէն, 4 տարի շարունակ Տիգրան Սարգսեանը հանդիսանալու է այդ կազմակերպութեան «վարչապետը»:
Եթէ նկատի ունենանք, որ եկող տարուայ Փետրուարից ԵՏՄ նախագահութիւնն անցնում է Հայաստանին, ապա այդ պաշտօնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը թւում է տրամաբանական: Սակայն ԵՏՄ նախագահութեան ստանձնման եւ ԵՏՀի նախագահի պաշտօնում նշանակում կատարելու պրոցեսները միմեանց հետ կապ չունեն: Եթէ Տիգրան Սարգսեանն սկսի աշխատել այդ պաշտօնում, ապա 2017ից նա գործելու է ԵՏՄում նախագահող նոր երկրի պարագայում, այնպէս, ինչպէս անցած տարուայ ընթացքում Ռուսաստանը ներկայացնող Վիկտոր Խրիստենկօն էր յանձնաժողովի նախագահի գործառոյթներն իրականացնում ԵՏՄում Բելառուսի նախագահութեան պայմաններում: Հետեւաբար, կոնկրետ Տիգրան Սարգսեանի թեկնածութեան հաստատումը ոչ թէ այդ կառոյցի ընթացակարգերով էր պայմանաւորուած, այլ քաղաքական որոշման հետեւանք էր:
Հարցն այն է՝ ո՞ւմն է եղել այդ որոշումը՝ Հայաստանի՞նը ի դէմս նախագահ Սերժ Սարգսեանի, թէ՝ ԵՏՄ հիմնադիր անդամ երկրներինը եւ դրանց նախագահներինը կամ նրանցից որեւէ մէկինը:
Բորովոյէում կայացած ԵՏՄ գագաթաժողովում Տիգրան Սարգսեանի թեկնածութեանը հաւանութիւն տալը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն հիմնաւորել էր հետեւեալ կերպ. «Նրան աջակցում է Ռուսաստանի նախագահը, նա ժամանակին աշխատել է նրա հետ: Ասում են՝ շատ փորձառու, առաջադէմ մասնագէտ է: Այդ պատճառով մենք նրան նշանակել ենք այդ յանձնաժողովի նախագահ: Եւ Փետրուարի 1ից նա կը սկսի իր աշխատանքը»: Լուկաշենկոյի այս հիմնաւորումից պարզ է դառնում, որ Տիգրան Սարգսեանի թեկնածութեանը անդամ երկրների ղեկավարները հաւանութիւն են տուել ոչ այնքան այն պատճառով, որ Սերժ Սարգսեանն է առաջադրել, այլ որ Տիգրան Սարգսեանը «վայելում է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցութիւնը: Այսինքն՝ եթէ Հայաստանից որեւէ մէկը պէտք է ստանձնէր այդ պաշտօնը, ապա այդ մէկը պէտք է լինէր բացառապէս Տիգրան Սարգսեանը: Հետեւաբար, տուեալ դէպքում աւելի շատ կարելի է խօսել ոչ թէ Երեւանի, այլ Կրեմլի կողմից Տիգրան Սարգսեանի նշանակման մասին:
Եւրասիական տնտեսական յանձնաժողովի նախագահն օժտուած է բացառապէս կատարողական լիազօրութիւններով: Քանի որ հիմնական քաղաքական որոշումները ԵՏՄում կայացւում են Պուտին-Լուկաշենկօ-Նազարբաեւ եռանկիւնու կողմից, ստացւում է, որ Սարգսեանն աւելի շատ հանդէս է գալու հէնց այս եռեակի կայացրած առանցքային քաղաքական որոշումները կատարողի դերում՝ ունենալով դրա վրայ ազդելու շատ չնչին հնարաւորութիւն:
Եւ, այնուամենայնիւ, դա պաշտօն է, որն ունի լուրջ քաղաքական կշիռ, որի վրայ է դրուած ԵՏՄն ներկայացնելու պարտականութիւնը, եւ որը երկրների պայմանագրային պարտաւորութիւնների կատարման կազմակերպական մակարդակում ունի հսկայական ազդեցութեան լծակներ: Այս դաշտում է, որ Տիգրան Սարգսեանը կարող է իր նոր կարգավիճակն օգտագործել կազմակերութեան ներսում Հայաստանի՝ իբրեւ սուբյեկտի, ազդեցութեան, կշռի, հեղինակութեան բարձրացման համար: Հէնց այս տեսակէտից է էական դառնում՝ ինչպէ՞ս է նա կարողանալու Հայաստանի շահերը համատեղել ԵՏՄ եռեակի եւ յատկապէս՝ ՌԴի շահերի հետ, ինչպէ՞ս է գտնելու մեխանիզմներ, որոնցով Հայաստանը վերջապէս կը սկսի վնասներ կրելու փոխարէն օգուտներ ստանալ ԵՏՄին անդամակցելուց: Դրա համար նրան անհրաժեշտ է լինելու լուծել չափազանց դժուարին մի խնդիր՝ լինել ոչ թէ Կրեմլի՝ իրեն նշանակողի «համհարզը», այլ Հայաստանի «պատուիրակը»՝ բառի բովանդակային իմաստով:
Այս հանգամանքն ունի նաեւ քաղաքական նուրբ ենթատեքստ: Եթէ Սերժ Սարգսեանը եղել է զուտ իր նախկին վարչապետի թեկնածութեանը համաձայնութիւն տուողի կարգավիճակում, ապա Տիգրան Սարգսեանն առնուազն 4 տարով նրա համար դառնում է անվերահսկելի, գործնականում՝ ՌԴի վերակացուն Հայաստանի վրայ: Սակայն շատ աւելի մեծ է հաւանականութիւնը, որ նրա նշանակումը առաջին հերթին Սերժ Սարգսեանի նախաձեռնութիւնն է:
Չնայած վարչապետութեան շրջանի լուրջ ձախողումներին՝ ամէն դէպքում Սերժ Սարգսեանը շարունակում է վստահել Տիգրան Սարգսեանին: Նախագահը դա հաստատեց՝ նրան ԱՄՆում դեսպան նշանակելով: Եւ «գործուղելով» ԵՏՄ՝ Սերժ Սարգսեանը կարող էր նրա հետ կապուած որոշակի քաղաքական պլաններ գծագրել իշխանութեան ապագայի համար, որը տեղաւորւում է սահմանադրական փոփոխութիւնների նախաձեռնութեան համատեքստում:
Որքան էլ ԵՏՄին Հայաստանի անդամակցութեան նպատակայարմարութեան հարցում Տիգրան Սարգսեանը երկակի տեսակէտի կրող է ու, ըստ ամենայնի, հոգու խորքում չի հաւատում ո՛չ ԵՏՄի հեռանկարին, ո՛չ էլ Հայաստանի համար դրա օգտակարութեանը, սակայն փաստ է, որ նրան ընդունում ու վստահում են Կրեմլում: Միեւնոյն ժամանակ, սակայն, Տիգրան Սարգսեանը պրոռուսական օրիենտացիա (արեւելում-Խմբ.) չունի, եւ նրա նկատմամբ բաւականաչափ լոյալ ընկալում կայ Արեւմուտքում: Չի բացառւում, որ Սերժ Սարգսեանը հէնց նրան է համարում այդ երկու բեւեռների միջեւ բալանսաւորուած քաղաքականութիւն իրականացնելուն ունակ գործիչ: Նրան խաղարկելով եւրասիական «կիսադաշտում»՝ նախագահը կարող է փորձել լուծել հայաստանեան ապագայ իշխանութիւնում նրան առանցքային դերակատարում վերապահելու հարցում Ռուսաստանի աջակցութեան խնդիրը: Խօսքը չի վերաբերում վարչապետի պաշտօնին: Հանրաքուէով սահմանադրական փոփոխութիւնների ընդունումից յետոյ իշխանութիւնը լինելու է եռաբեւեռ: Եւ Սերժ Սարգսեանը չի նշել, թէ ում է տեսնում իր ժառանգորդի դերում: 2018թ. Ապրիլին կը լրանայ Սերժ Սարգսեանի պաշտօնավարման ժամկէտը: Հէնց այդ դերի համար կարող է նախապատրաստուել Տիգրան Սարգսեանը: Դրա համար բաւարար կը լինի խորհրդարանի 3/4ի վստահութեան քուէն: Ու չի բացառւում, որ այդ վստահութեան քաղաքական կապիտալի կուտակումն է ԵՏՄ յանձնաժողովի նախագահի պաշտօնում նրա նշանակման նպատակներից մէկը:
Գէորգ Դարբինեան
Նյութի աղբյուրը Yerkir.am