Հե՛յ, հերոս թուրք կին, դու արժանի ես ուսերի վրա դեպի երկինք բարձրանալու, ոչ թե գետնին սողալու։
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք,1923 թ․, մարտի 17, Տարսոն
Որտե՞ղ է այսօր այդ կինը Թուրքիայում՝ գետնի՞ն, թե՞ տղամարդու ուսերին։ Ինչո՞ւ է այսօրվա Թուրքիայում կինը դեռ անպաշտպան․․․
Պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի Զիա Գյոքալփը և «Թյուրքականության հիմունքները» աշխատությունից տեղեկանում ենք, որ թուրք գրող, հրապարակախոս Հալիդե էդիբը հանդես է գալիս հրապարակային դասախոսությամբ, որի բովանդակությունը տպագրվել է «Թյուրք Յուրդու» հանդեսում՝ «Ազգերն աղետից հետո» ("Felaketten sonra milletler") վերնագրով:
Թուրք ազգի աղետի պատճառը տգիտության, ծուլության, հետամնացության և ամեն ինչի (այդ թվում՝ հայրենիքի) նկատմամբ անտարբերության մեջ տեսնելով՝ հեղինակը հորդորում էր կարդալ թերթեր, գրքեր, խորամուխ լինել պատմության հարցերի մեջ:
«Դա ձեր կրոնական և ազգային պարտքն է». դիմում էր կին գրողն ու հրապարակախոսը՝ թուրք կանանց:
Ալ․ Սաֆարյանի աշխատության մեջ նկատելի է, որ Գյոքալփի ուսմունքը ոչ միայն ծառայեց Թուրքիայում սոցոլոգիական, քաղաքագիտական, տնտեսագիտական և լեզվաբանական մտքի զարգացմանը, այլև տեսական հիմք ստեղծեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումների իրականացման համար։
Հայտնի է, որ թուրք հանրային կյանքի վերափոխման այս պատմական շրջանում՝ 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ, ձեռնարկված արմատական միջոցառումները ամբոխից քաղաքական ազգ կերտեցին։
Հատկանշական է, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման շրջանում՝ մասնավորապես 1930-ական թվականներին, Թուրքիայում կանանց քաղաքական իրավունքներ շնորհելու համար անհրաժեշտ օրենքներ ընդունվեցին։ Կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի շնորհումը սոցիալական շրջանակներում իրականացվող Աթաթուրքի բարեփոխումներից մեկն է։ 1930 թվականից ի վեր ընդունված մի շարք օրենքներով կանայք նախևառաջ իրավունք են ստացել մասնակցել ՏԻՄ ընտրություններին, այնուհետև ստացել են գյուղական խորհուրդներում ընտրվելու իրավունք, իսկ 1934 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի մեջ կատարված փոփոխությունների համաձայն կանայք ստացել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և պատգամավոր ընտրվելու իրավունք։ Թուրք կնոջ մուտքը քաղաքականություն տեղի ունեցավ 1935 թվականի փետրվարի 8-ի պատգամավորական ընտրություններով․ 18 կին պատգամավոր Թուրքիայի մեջլիս մտավ:
Թուրքիայի Այդըն նահանգի «Ադնան Մենդերես» համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր, դոկտոր Ալի Ռըզա Էրդեմի՝ «Աթաթուրքի՝ կնոջը և կնոջ կրթված լինելուն տված կարևորությունը» աշխատության մեջ ուշագրավ է Օսմանյան պետության՝ կանանց դերի կարևորության գաղափարախոսության ի հայտ գալը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մեջ թուրք կնոջ դերակատարման կարևորությունը հրապարակավ բարձրաձայնելը։ Այսպիսով նա սկիզբ դրեց «պետականամետ և արդար» ֆեմինիստական շարժման, որը տարբեր ժամանակներում, ինչպես նաև այսօր Թուրքիայում շարունակվում և օր օրի նոր թափ է ստանում։ Դժբախտաբար, դեռևս շարժումն ի զորու չէ հայրիշխանական կանոնները փոխել և նպաստել, որ կինը Թուրքիայում նախևառաջ ներկայանա ոչ թե իբրև ամուսին, մայր, քույր, այլև՝ կին։
Թուրքիայում կանայք դեռ անպաշտպան են։ Մենք տեսնում ենք կանանց հանդեպ բռնության ամենատարբեր օրինակներ (ոչ միայն կանանց), ինչ մեզ մատուցում է մեդիան՝ զանազան ազդեցիկ գլխագրերով, սակայն կա երկրի թաքնված կողմը, որը գաղտնի, աներևակայելի երկյուղալի և բացահայտ հասանելի չէ հանրությանը։
Թուրքիայի «Վերջ կանանց սպանությունների» պլատֆորմի կազմած 2020 թվականի զեկույցից տեղեկանում ենք, որ միայն հուլիս ամսվա ընթացքում տղամարդկանց կողմից սպանվել է 36 կին, ևս 11 կին մահացած է գտնվել կասկածելի հանգամանքներում։ Սպանված կանանց կյանքի պայքարի պատմությունները թեև տարբեր են աշխարհագրությամբ՝ Ստամբուլ, Մանիսա, Կոնյա, Մուղլա, Բուրսա, Օրդու, Մերսին, Մուշ, Ադանա․․․, սակայն միմյանց հետ շաղկապված են հայրիշխանական ավանդույթների և պահպանողական հասարակարգի նույն բարքերով։
Թուրքական «Շոու» հեռուստաընկերության հանրահայտ
լուրերի հաղորդավար Էգե Ուները հուլիսի 21-ին եթերում հայտնել է միանգամից 4 կնոջ սպանության մասին և իր խոսքն ուղղել թուրք հանրությանը․«Թուրքիայում կին լինելը դժվար է, բայց կնոջ մեռնելը՝ հեշտ։ Մի՛ ասեք լսել ենք, չենք լսել։ Թուրքիայում կանայք մեռնում են, ավելին՝ մեկ կամ երկու հոգի չեն, կարծես պատերազմի մեջ լինեն՝ 10, 100․․․Մինչդեռ նկատե՞լ եք, եթե կնոջ մի մասը մայր է, մյուսը՝ երեխա է։ Սպանել կնոջը նշանակում է սպանել և՛ մորը, և՛ երեխային։ Այս առումով այս հասարակությունը «Մարդ» չի դառնում»։
Ավելին՝ Թուրքիայի Հանրապետության դատական համակարգն էլ ըստ արժանվույն չի պատժում հանցագործներին։
Ցավալի է արձանագրել, որ այսօրինակ պայմաններում ապրում են նաև հայաստանցի միգրանտների ընտանիքները կամ պարզապես միգրանտ կանայք և տղամարդիկ՝ շատ դեպքերում երկրում տեղի ունեցող իրադարձություններից անտեղյակ՝ տարված առօրյա հոգսերով, երբեմն էլ շատ լուրջ չվերաբերվելով առկա վտանգներին(մեծամասնությունը երկրի առօրյա լրահոսին չի հետևում)։ Ով գիտե, գուցե այդ հայաստանցի կանանցից շատերն արդեն հայրենիքում անցե՞լ են բռնության ճանապարհը և հիմա վերստին հայտնվել նման ռիսկի տակ։ Այդ վտանգը հատկապես կրկնապատկվում է կացության և աշխատանքի իրավունք չունեցող գրեթե բոլոր միգրանտների դեպքում (նախկին ԽՍՀՄ երկրներից գաղթած անկանոն միգրանտներ), իսկ հայերի դեպքում՝ առավելևս, քանի որ Թուրքիայում չունենք դիվանագիտական ներկայացուցչություն։ Թուրքիայում չկա որևէ կառույց, որ հայաստանցի անկանոն միգրանտների շահերի պաշտպանությամբ զբաղվի կամ իրազեկի նրանց։ Ցանկացած սուղ իրավիճակում հայաստանցի աշխատողները և նրանց ընտանիքի անդամները կարող են դառնալ թիրախ, ինչպես օրինակ՝ շաբաթներ առաջ Քում Քափը թաղամասում ադրբեջանցիների կողմից հայաստանցի երկու պատանիներին ծեծի ենթարկելը։
Մի երկրում, որտեղ դեռ երկրի նախագահը ահաբեկչության դեմ պայքարին անդրադառնալիս անկաշկանդ ու հպարտ կեցվածքով օգտագործում է «սրի ավելցուկներ» արտահայտությունը՝ նկատի ունենալով հայերին, կամ տարբեր տեսաուղերձներով լսում ենք ատելության քարոզներ հայերի հասցեին, երկիրը կրկնակի անապահով է դառնում հատկապես փոքրամասնությունների համար և այս համատեքստում նաև՝ հայ կանանց համար․․․
Շարունակելի․․․
Թուրքիա