Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը հայտնում է, որ վաղը՝ կիրակի, հունիսի 8-ին, ժամը 10:30-ին առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարում նշվելու է թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի քահանայական ձեռնադրության եւ օծման 45-ամյակը։ Նորին Սրբությունը կմատուցի Սուրբ Պատարագ եւ քարոզ կհղի հավատացյալներին։
Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը (ավազանի անունով Վահրամ) ծնվել է 1957թ. դեկտեմբերի 1-ին, Բեյրութում (Լիբանան): Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Քառասնից մանկանց վարժարանում:
1970-1975թթ. սովորել է Անթիլիասի դպրեվանքում եւ ավարտել Ժառանգավորաց վարժարանի հնգամայա շրջանը:
1976թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան, որի լսարանական բաժինն ավարտել է 1979թ. մայիսին: 1980թ. պաշտպանել է ավարտաճառ` «Վրթանես Քերթող» թեմայով:
1978թ. մայիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:
1980թ. հունիսի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Վեհափառ Հայրապետ Վազգեն Ա. կաթողիկոսի:
1980-1983թթ. ուսանել է Լոնդոնում` Օքսֆորդի համալսարանում եւ ստացել բակալավրի աստիճան: Ապա Վեհափառ Հայրապետի հրավերով դասավանդել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:
1984թ. Վազգեն Ա. կաթողիկոսի Հայրապետական կոնդակով ստացել է վարդապետի աստիճան:
1985թ. նշանակվել է Կանադայի Տորոնտո քաղաքի հայության հոգեւոր հովիվ:
1986թ. Վազգեն Վեհափառի հայրապետական երկրորդ կոնդակով գովասանքի է արժանացել Հայ Եկեղեցուն մատուցած ծառայության համար: 1988թ. մարդասիրական օգնություն է կազմակերպել Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածների համար` դիմելով քույր եկեղեցիներին եւ այլ համայնքներին: Նույն ժամանակաշրջանում շարունակել է կրթությունը եւ ստացել մագիստրոսի աստիճան:
Երկու տարի անց` 1989թ. Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ստացել է ծայրագույն վարդապետության տասը աստիճաններ:
1990թ. մայիսին ընտրվել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդ: Նույն թվականի հոկտեմբերի 7-ին Ս. Էջմիածնի Մայր տաճարում, ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:
1993թ. Վազգեն Ա. կաթողիկոսի կոնդակով արժանացել է արքության պատվի, իսկ երկու տարի անց վերընտրվել է երկրորդ հնգամյա շրջանի համար` որպես Կանադայի թեմի առաջնորդ:
2000թ. առաջնորդությանը համատեղ նշանակվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական գրասենյակի վարիչ-տնօրեն, որի ստեղծման առաջին քայլերն արվել են Վազգեն Ա. Վեհափառի տնօրինությամբ:
Նույն թվականից Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ է:
2003թ. մայիսի 3-ին Բըրբենքում (Կալիֆորնիա) հրավիրված 76-րդ թեմական ժողովի պատգամավորների մեծամասնության քվեով ընտրվել է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի 8-րդ թեմակալ առաջնորդ:
Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ունի շուրջ բազմաթիվ հրատարակություններ ու հոդվածներ։ 1984թ. սկսյալ Եկեղեցիների Միջին Արեւելյան խորհրդի անդամ է եւ Եկեղեցիների Կանադայի խորհրդի գործադիր անդամ:
Բացի Հայ Եկեղեցուց, Հովնան սրբազանն իր ծառայության ընթացքում արժանացել է այլ երկրների պարգեւների, բարձր պարգեւներով պարգեւատրվել է նաեւ Հայաստանի հանրապետությունում։