2020թ․ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցան պայթյուններ, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 150 և վիրավորվեց ավելի քան 5000 մարդ (որոնցից 6-ը՝ Թուրքիայի քաղաքացի), անօթևան է մնացել մոտ 300.000 հազար մարդ: Պաշտոնապես հիմնական պայթյունը կապված է եղել 2750տ ամոնիումի նիտրատի հետ: Պատճառված վնասը գնահատվում է 3-5 մլրդ $։
Թուրքիայի արձագանքը
Միջադեպից հետո Լիբանանին ցավակցական ու աջակցության ուղերձներ հղեցին Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը[1], Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը[2], փոխնախագահ Ֆուաթ Օքթայը[3], արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն[4], խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը[5], կապի նախարար Ֆահրեթթին Ալթունը[6], Թուրքիայի խորհրդարանի՝ Թուրքիա-Լիբանան բարեկամության խմբի ղեկավար, ԱԶԿ-ական պատգամավոր Նազըմ Մավիշը[7]։
Իրենց լիբանանցի գործընկերների հետ հեռախոսազրույցներ ունեցան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ էրդողանը (Միշել Աունի հետ)[8], Մ․ Չավուշօղլուն (Շերբել Վեհբեի հետ)[9], Մ․ Շենթոփը (Նեբիհ Բերիի հետ)[10], առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան (Համադ Հասանի հետ)[11]։ Օգոստոսի 8-ին Չավուշօղլուի ուղեկցությամբ Լիբանան ժամանեց Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, ով Բեյրութում հայտարարեց, որ Թուրքիան շարունակելու է օգնել Լիբանանին, այդ թվում նաև Բեյրութի նավահանգստի վերականգնման հարցում և պատրաստ է Լիբանանի կարիքների համար տրամադրել Մերսինի ու Իսքենդերունի նավահանգիստները[12]։
Արդեն օգոստոսի 5-ին Բեյրութ ուղևորվեց թուրքական Կարմիր մահիկի 20 բժիշկներից բաղկացած խումբը՝ տանելով առաջին բուժօգնության պարագաներ, բուժսարքեր (ծրագրված է հիմնել դաշտային հոսպիտալ)։ Նույն օրը Բեյրութում իրենց գործունեությունը սկսեցին թուրքական Մարդասիրական օգնության հիմնադրամի (İHH) խմբերը[13]։ Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման վարչությունը (AFAD) փրկարարների խումբ ուղարկեց Լիբանան[14]։ Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի խոսքերով՝ Համագործակցության ու համակարգման թուրքական գործակալությունը (TIKA) մոտ 400 տ ցորեն է ուղարկում ցորենի պաշարների մեծ մասից զրկված Լիբանան[15]։
Այս ամենը վկայում է Լիբանանի հարցում Թուրքիայի ցուցաբերած բավական մեծ ակտիվության մասին, ինչն ունի մի շարք պատճառներ․
1) Ռ․ Էրդողանը վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրում ընկալվելու համար որպես իսլամական (սուննի) աշխարհի առաջնորդ։ Այդ համատեքստում նա դարձել է համայն աշխարհի և հատկապես Մերձավոր Արևելքի մուսուլմանների ինքնահռչակ «իրավապաշտպան», շարունակ իր ուշադրության կենտրոնում է պահում մուսուլմանների խնդիրները և բնականաբար չէր կարող անտարբեր գտնվել Լիբանանի պարագայում։
2) Թուրքիան վերջին տարիներին ահռելի ծավալով հումանիտար օգնություն է ցուցաբերում աշխարհի տարբեր երկրներին, ինչը նրա «փափուկ ուժի» քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից է։ Բրիտանական Զարգացման նախաձեռնությունների կազմակերպության 2017թ․ «Աշխարհում հումանիտար օգնության ծավալների մասին» զեկույցի համաձայն՝ Թուրքիան ցուցաբերած հումանիտար օգնության ծավալներով (8.07 մլրդ $) զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում։ Այս քաղաքականությունը նպաստում է արտերկրում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, Թուրքիայի հանդեպ բարյացակամ վերաբերմունքի գոյացմանը, արտերկրում թուրքական ռազմակայաններ բացելուն և այլն։ Փաստորեն Թուրքիան, որը նախկինում անգամ ոչ արտակարգ պայմաններում զգալի օգնել է բազում (աղքատ) երկրների, չէր կարող չօգնել այսօրինակ մասշտաբի աղետ վերապրած Լիբանանին։
3) Տեսնելով Ֆրանսիայի ակտիվությունը (նախկին մանդատ) Լիբանանում՝ նեոօսմանիզմի քաղաքականություն վարող Թուրքիան, փորձում է շատ հետ չմնալ նրանից։ Տարածաշրջանային գերտերություն համարվող Թուրքիայի համար խիստ անցանկալի է արտատարածաշրջանային երկիր համարվող Ֆրանսիայի ակտիվությունը տարածաշրջանում՝ Լիբանանում, որը նախկինում մաս է կազմել Օսմանյան կայսրության։ Թուրքիային մտահոգում է նաև Լիբանանում մեկնարկած արշավը՝ միտված Ֆրանսիային 10 տարով մանդատ տալուն։ Պատահական չէ, որ թուրքական իշխանություններն այս օրերին խստապես քննադատում են Ֆրանսիային[16], որի հետ հարաբերությունները վերջին շրջանում լարված են նաև Լիբիայի հարցում։
4) Վերջին տարիներին Թուրքիայի համար աճել է Լիբանանի կարևորությունը․ Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգակիրների համար պայքարը սրվել է նոր ուժով, ինչը նաև հանգեցնում է ծովային սահմանների շուրջ վեճերի։ Իսրայելի 4 արաբական հարևաններից մեկը հանդիացող Լիբանանը բավական կարևոր է «Իսրայել-Թուրքիա» հնարավոր գազատարի կառուցման պլանում, որով Թուրքիա և Եվրոպա կարող է ուղարկվել նաև Կիպրոսի գազը (թեև նրանք նախապատվությունը տալիս են Թուրքիան շրջանցող EastMed գազատարին)։ Կարևոր է նաև այն, որ 2011թ․ ստորագրված «շիական» գազատարը (Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան) պետք է Միջերկրական ծով դուրս գար Լիբանանի տարածքով (թեև Սիրիայի տարածքով նույնպես հնարավոր է)։ Թուրքիան բնականաբար ցանկանում է նվազեցնել Իրանի ազդեցությունը Լիբանանում։ Լիբանանից է սկիզբ առնում Օրոնտաս (Ասի) գետը, որը նախ մտնում է Սիրիա, ապա՝ Թուրքիա։ Եփրատի գետահոսքը վերահսկող Թուրքիան այդպիսով կարող է փորձել Սիրիայի համար ջրային խնդիրներ հարուցել նաև Լիբանանում։
5) Հայկական գործոնը նույնպես չափազանց կարևոր է Լիբանանում Թուրքիայի ակտիվացման պլանում։ Ակնհայտ է, որ Լիբանանում Թուրքիայի դիրքերի ակտիվացումը լուրջ մարտահրավեր կլինի տեղի հայերի համար։ Առաջիկայում Թուրքիան փորձելու է հենվել թե՛ տեղի թուրքական համայնքի, թե՛ վերջին տարիներին Սիրիայից Լիբանան գաղթած սուննի թուրքմենների վրա՝ նրանց միջոցով ճնշումներ գործադրելու հայ համայնքի վրա (վերջերս հաղորդվեց, թե Թուրքիան փորձում է զավթել Երուսաղեմի հայկական թաղամասը[17])։
Մեր կարծիքով՝ Թուրքիայի թիվ մեկ թիրախում լինելու է Անթիլիասում գործող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (ՄՏԿԿ), որը դատական վեճերի մեջ է թուրքական կողմի հետ՝ պահանջելով իր պատմական կենտրոն Սսի կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Առաջին հայցը Թուրքիայի ՍԴ հայց ներկայացվեց 2015թ․ ապրիլին՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։ ՄՏԿԿ կաթողիկոս Արամ Ա-ի խոսքերով՝ դա կարող է նախադեպ հանդիսանալ նմանատիպ իրավական պահանջների համար, որ դա առաջին իրավական քայլն է, որին պետք է հետևի բոլոր եկեղեցիները, վանքերը և մասնավոր սեփականությունը վերադարձնելու պահանջը: Արամ Առաջինն ընդգծել է, որ այս դատը (քննվելու է սեպտեմբերին[18]) միայն ՄՏԿԿ-ի կամ եկեղեցու դատը չէ, այլ հայ ազգի, Հայաստանի և Արցախը դատն է։
Ակնհայտ է, որ թուրքական կողմի համար սա բավական վտանգավոր զարգացում է, քանի որ նրա թույլ կողմը հենց դատաիրավական ոլորտն է։ Արդեն նշվեց, որ սա կարող է դառնալ նախադեպ, ինչին Թուրքիան ընդդիմանալու է ամեն գնով և արտերկրից այսօրինակ փորձերը որակելու է որպես «իր ներքին գործերին միջամտելու փորձ» (ինչպես որ Հունաստանին էր մեղադրում Սուրբ Սոֆիայի տաճարի հետ կապված իր ներքին գործերին միջամտելու մեջ)։ Չենք բացառում, որ հեռանկարում՝ իր ազդեցության մեծացմանը զուգահեռ, Թուրքիան կարող է իրեն ենթակա ուժերի միջոցով բարձրացնել անգամ Լիբանանում ՄՏԿԿ-ի գործունեության իրավական նպատակահարմարությունը՝ ընդգծելով, որ «այդ գործունեությունը հենված է 1930թ․ Լիբանանի մանդատը տնօրինող Ֆրանսիայի թույլտվության վրա, և որ (Նոր) Լիբանանի ընթացիկ իշխանությունները 100 տարի անց չպետք է հենվեն դրա վրա»։
[1] AK Parti Sözcüsü Çelik: Kardeş Lübnan halkının ve Beyrutluların yanındayız, Anadolu Ajansı, 04.08.2020
[2] Dışişleri Bakanlığından Lübnan'a yardım açıklaması, Anadolu Ajansı, 05.08.2020
[3] Cumhurbaşkanı Yardımcısı Oktay'dan Lübnan'a taziye mesajı, Anadolu Ajansı, 04.08.2020
[4] Dışişleri Bakanı Mevlüt Çavuşoğlu'ndan Lübnan'a taziye mesajı, Anadolu Ajansı, 04.08.2020
[5] TBMM Başkanı Şentop'tan Lübnan'a taziye mesajı, Anadolu Ajansı, 04.08.2020
[6] İletişim Başkanı Altun: Lübnanlı kardeşlerimizin yanındayız, Anadolu Ajansı, 06.08.2020
[7] AK Parti'li Maviş'ten Lübnan'a taziye mektubu, Anadolu Ajansı, 06.08.2020
[8] Erdoğan, Lübnan Cumhurbaşkanı Avn ile görüştü: Her alanda insani desteğe hazırız, Anadolu Ajansı, 04.08.2020
[9] Dışişleri Bakanı Çavuşoğlu İtalyan ve Lübnanlı mevkidaşlarıyla telefonda görüştü, Anadolu Ajansı, 05.08.2020
[10] TBMM Başkanı Şentop, Lübnan Meclis Başkanı Nebih Berri ile görüştü, Anadolu Ajansı, 05.08.2020
[11] Sağlık Bakanı Koca, Lübnanlı mevkidaşıyla görüştü, Anadolu Ajansı, 05.08.2020
[12] Cumhurbaşkanı Yardımcısı Oktay: Mersin Limanı'mızın Lübnan'ın hizmetinde olacağını ifade ettik, Anadolu Ajansı, 08.08.2020
[13] İHH ekipleri Beyrut’ta çalışmalara başladı, Anadolu Ajansı, 05.08.2020
[14] Türkiye’den Lübnan’a yardım eli uzandı, Anadolu Ajansı, 05.08.2020
[15] Türkiye'den patlamanın yaralarını sarmaya çalışan Lübnan'a buğday desteği, Anadolu Ajansı, 05.08.2020
[16] TBMM Başkanı Şentop: Dünyada insan haklarından, hukuktan, adaletten bahsedebilecek en son devlet Fransa'dır, Anadolu Ajansı, 05.08.2020
[17] Baruch Yedid, Turkey Working to Take Over Armenian Quarter in Jerusalem’s Old City, The Jewish Press, 13.02.2020
[18] Արամ Ա․ «Սսի կաթողիկոսարանի վերադարձման համար հայց ենք ներկայացրել թուրքական դատարան», Ermeni Haber, 29․04․2020