Նիկոլ Փաշինեանը դիմատետրեան իր էջին գրառում կատարած է ՀՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահներու Մոսկուա մեկնելու առաջարկի վերաբերեալ։
Արկադի Ղուկասեանը եւ Բակօ Սահակեանը մեր յաջորդ հանդիպմանը ասացին, որ գաղափարին մի նրբութիւն է աւելացել. Լեւոն Տէր-Պետրոսեանը եւ Ռոպերթ Քոչարեանը ուզում են մեկնեն Մոսկուա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան եւ մեր հանդիպումը կազմակերպուի նրանց վերադարձից յետոյ եւ մի տեսակ դառնայ տեղեկատւութեան համադրման, իրադրութեան աւելի տեղեկացուած քննարկման միջոցառում:
Պատասխանեցի հետեւեալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մէջ եմ: Օր կայ՝ հինգ-վեց անգամ հեռախօսով խօսում եմ հետը: Հիմա եթէ ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել եւ դա ուզում ես ասել յատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ:
Առաջարկեցի այլ տարբերակ. արագ կազմակերպել Տէր-Պետրոսեանի եւ Քոչարեանի արարողակարգային այց Մոսկուա՝ որպէս պաշտօնաթող նախագահներ, որտեղ նրանք կը լինեն ՌԴ պաշտօնաթող նախագահ Տմիթրի Մետվետեւի հիւրը, ով նաեւ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալն է եւ այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ:
Արկադի Ղուկասեանն ու Բակօ Սահակեանը հեռացան՝ խոստանալով քննարկել այս տարբերակը Տէր-Պետրոսեանի եւ Քոչարեանի հետ: Պարզուեց՝ վերջիններիս համար այնքան էլ հետաքրքիր չէ իմ առաջարկած տարբերակը: Բակօ Սահակեանը ինձ համար անսպասելի յայտարարեց, թէ Տէր-Պետրոսեանը եւ Քոչարեանը Սերկէյ Լաւրովի հետ հանդիպման պայմանաւորուածութիւն ունեն:
Էդ դէպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանաւորուած են՝ թող մեկնեն Մոսկուա, հանդիպեն: Պարզուեց՝ հարցը Ռ. Քոչարեանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդութիւն ներկայացնեն դատարան, ես կը խնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպէս էլ եղաւ. դատարանը վերադարձրեց Քոչարեանի անձնագիրը, բայց Տէր-Պետրոսեանն ու Քոչարեանը Մոսկուա այդպէս էլ չմեկնեցին»,-գրած է Փաշինեանը։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիքթոր Սողոմոնեանը արձագանգած է Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններուն:
«Մտածում էի չարձագանգել կամ պարզապէս ասել՝ տես երէկուայ ասածս։ Բայց Փաշինեանի այս գրածի կապակցութեամբ մի պատմութիւն յիշեցի։
Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»: