image

Ճանչնալ Պոլսահայութեանը. Հարցազրույց Իրենա Գրիգորյանի հետ

Ճանչնալ Պոլսահայութեանը. Հարցազրույց Իրենա  Գրիգորյանի հետ

Իրենա Գրիգորյանը ծնվել է Հայաստանում։ Առաջին որակավորումն ստացել է Հայաստանում (անգլերենի մասնագետ)։ Էրազմուս կրթաթոշակի միջոցով միացյալ մագիստրոսական կրթություն է ստացել երեք եվրոպական երկրներում՝ Գերմանիա, Նորվեգիա և Սլովենիա՝ ստանալով միգրացիայի և միջմշակութային հարաբերությունների մասնագետի որակավորում։ Հայաստանում աշխատել է համայնքային, բարեգործական և մշակութային ծրագրերում (օրինակ` ՄԱԿ-ի զարգացման ծրագրում)։ 

 

Թ. Մ.- Ինչո՞ւ որոշեցիք հենց Թուրքիայում շարունակել Ձեր կրթությունը։

Ի. Գ.- Հանգամանքներն այդպես դասավորվեցին. թիրախավորված ընտրություն չեմ կատարել։ Միայն գիտեի, որ նախընտրում եմ հետբուհական կրթությունս (ասպիրանտուրա) շարունակել այնտեղ, որտեղ կարող եմ հետաքրքիր աշխատել, քան լինել, օրինակ, ապահով ու բարեկեցիկ երկրի մի հեղինակավոր համալսարանում ու գրել տաղտուկ հետազոտություն։  

Եվրոպայում սովորելուց հետո Հայաստանում իմ մասնագիտությամբ աշխատանք չգտա, ու դա ինձ շատ էր կաշկանդում․ ուզում էի շփվել մասնագետների հետ, ավելի զարգանալ, կիրառել գիտելիքներս, հետազոտություններ իրականացնել։ Մի օր աչքովս ընկավ Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի հայտարարությունը, որի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ մասնագետները մի քանի ամիս անց են կացնում հարևան երկրում՝ հյուրընկալվելով մասնագիտական որևէ կառույցի կողմից։ Հյուրընկալող կողմում կար Ստամբուլում Քոչ համալսարանի Միգրացիոն հետազոտությունների կենտրոնը, որի լավ համբավին ծանոթ էի դեռևս Եվրոպայում ուսանելու տարիներին։ Մտածեցի, որ դա փորձի փոխանակման լավ հնարավորություն կլինի։ Դիմեցի որպես մասնակից, ստացվեց։

 

Թ. Մ.- Ներկայացրեք, խնդրեմ Ձեր առաջին այցելությունը Ստամբուլ:

Ի. Գ.- Առաջին անգամ 2018 թվականին վեց ամսով այցելեցի Ստամբուլ՝ աշխատելով վերոնշյալ կենտրոնի հետ ու ծանոթանալով տարբեր ազգության փախստականներին առնչվող նրանց ծրագրերին։ 

Ցանկանում եմ ընդգծել, որ ես արևելագետ կամ թուրքագետ չեմ. աշխատում եմ միջմշակութային ու միգրացիոն թեմաների շուրջ։ Ստամբուլն այս առումով բերրի հող է ուսումնասիրողի համար, քանի որ հանդիսանում է տարանցիկ կետ միլիոնավոր բազմազգ գաղթականների, տեղահանվածների, աշխատող միգրանտների ու նաև ազգային փոքրամասնությունների համար։ 

 

Թ. Մ.- Ինչպե՞ս ընտրեցիք համալսարանը։

Ի. Գ.- Կենտրոնը, որտեղ փորձի փոխանակման ժամանակաշրջանն էի անցնում, համալսարանին կից էր։ Քոչը մասնավոր համալսարան է Ստամբուլում։ Այն երկրի լավագույններից է, իսկ առաջատար է մագիստրոսական ու ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ու հետազոտական ծրագրերի ակտիվ խրախուսմամբ։ Համալսարանը բազմազգ է, կրթությունը՝ անգլերենով, ինչը կարևոր հանգամանք էր ինձ համար, քանի որ թուրքերեն չգիտեի։ Փորձի փոխանակման նախագծի ընթացքում և՛ ես, և՛ ինձ հանդիպած մասնագետները բավական հետաքրքրված էինք բազմաթիվ արդի հասարակական-սոցիալական թեմաներով, որ գոյություն ունեն Հայաստանի ու Թուրքիայի միջև, բայց գրեթե չեն արծարծվում՝ հատկապես ակադեմիական շրջանակներում։ Երկու երկրների գիտնականներն ու հետազոտողները գրեթե չեն առնչվում, չունեն միմյանց հետ աշխատելու ու բանավիճելու հնարավորություն, մինչդեռ այնքան թեմաներ կան, որ սպասում են անդրադարձի, հատկապես պատմական սոցիոլոգիայի ու սոցիալ հոգեբանության տեսանկյունից։ Գնահատելով, որ կարող եմ մի քանի տարի հետաքրքիր աշխատել այս համալսարանի հետ, որոշեցի դիմել սոցիոլոգի դոկտորական կրթության։ Թեզիս ուշադրության կենտրոնում է լինելու երկու երկրների միջև հայտնված իրական մարդկանց միգրացիոն փորձառությունը, հաղթահարման ու ճկունության նրանց առօրյա մեխանիզմները։ Բացի այդ, նաև մեծ հետաքրքրություն ունեմ հայկական պատմական համայնքների արդի իրավիճակի հանդեպ, իսկ պոլսահայությանը տեղում ճանաչելը բացառիկ հնարավորություն է։

Թ. Մ.- Հասարակության մեջ ներգրավման Ձեր փորձառությունը:

Ի. Գ.- Ինձ համար տարբերությունը ոչ այնքան երկրների մակարդակում էր, այլ համեմատաբար փոքր ու մտերմիկ քաղաքից՝ մեկ միլիոնանոց Երևանից, տասնվեց միլիոնանոց անդադար մեգապոլիս տեղափոխվելու մեջ։ Ծանոթանալն այստեղ հեշտ է, մարդիկ սիրում են շփվել, հարցուփորձ անել քեզնից։ Հետաքրքիր կերպով այստեղ գործում են «փոքր թաղի» կանոնները՝ մեկի լավ կարծիքով կամ խորհրդով մյուսները սկսում են ընդունել ու վստահել քեզ։ Ու աստիճանաբար մեծ քաղաքի շրջանակը նեղանում է։ Ինքս ակտիվ շփվող մարդ չեմ, ուստի թողնում եմ, որ իրերն ընթանան իրենց հունով։ Արդյունքում Ստամբուլում ունեմ և՛ հայ, և՛ թուրք, և՛ հույն, և՛ այլազգի ընկերներ։ Հասարակության հետ շփումներում մի բան է միայն սկզբունքային ինձ համար․ երբեք չթաքցնել կամ կեղծել ազգությունս։ Միշտ ասում եմ, որ հայ եմ, ինչին, հետաքրքիր է, բայց հաճախ արձագանքում են, եթե տեղացի չես, ուրեմն ֆրանսիացի՞ հայ ես։ Հստակեցնում եմ, որ Հայաստանից եմ։ Դրան հետևում է այն, որ սովորաբար զրուցակիցը հայի հետ կապող մի թել է գտնում ու ուզում է դրանով հաճոյանալ, կարծես դա բացառիկ մի բան է։ Մեկի հարևանն է հայ, մյուսը՝ Հայաստան է այցելել, և այլն։ Առաջին հայացքից հաճելի թվացող այս երևույթը միշտ տխրեցնում է ինձ, քանի որ դրա տակ թաքնված խոր խնդիրներ կան։   

Թ. Մ.-  Արցախյան վերջին պատերազմից առաջ և հետո։ Ձեր հոգեվիճակն ու կրթությունը շարունակելու քաջությունը:

Ի. Գ.- Դժվար է խոսել այդ օրերի մասին։ Դժոխային էին ու հոգեբանորեն շատ ծանր։ Իրականությունից կտրված՝ ապրում էինք միայն Հայաստանի լուրերով։ Խելագարության հասցնող հոգեվիճակ էր՝ հետևել իրար ամբողջովին հակասող լրատվական հոսքին երկու երկրներում։ Մինչդեռ Ստամբուլում կյանքը շարունակվում էր ինչպես միշտ՝ կապիտալիզմի գերի դարձած մեծ քաղաքի բնակիչներին հիմնականում հետաքրքիր չէր, թե ի՞նչ հերթական պատերազմ է, ովքե՞ր են զոհվում, կամ ո՞րն է իրականությունը. նրանց հետաքրքրում էր աշխատանքային օրվանից հետո Բոսֆորի ափին իրենց մարզանքը կամ առևտրի կենտրոնների զեղչերը բաց չթողնելը։ 

 

Թ. Մ.- Ինչպե՞ս արձագանքեցին Թուրքիայի Ձեր ընկերները։ Հետաքրքրվեցի՞ն արդյոք Ձեր և Ձեր ընտանիքի մասին։

Ի. Գ.- Չեմ կարող ասել, թե բոլորն անտարբեր էին. եղան ընկերներ, ովքեր հետաքրքրվեցին իմ ու ընտանիքիս մասին, ցավ հայտնեցին պատերազմի ու զոհերի համար։ Սակայն լռությունն ավելի գերակշռող էր, բայց լռության պատճառները բազմաշերտ էին։ Վախը, անտարբերությունը, անտեղյակությունը, ապրումակցելու անկարողությունը, անհաղորդությունը, գոյության վտանգին առերեսվելու, փոքր ազգ լինելու ու ընդհանուր ցավով, հիշողությամբ, պայքարով ապրելու հանգամանքին ոչ մի կերպ չհարաբերվելը։ Եղան դեպքեր, երբ ընկերներս երկար լռելուց հետո խոստովանեցին, որ պարզապես չգիտեին՝ ի՞նչ ասել և ինչպե՞ս արտահայտվել…   

 Թեպետ 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով կրթությունս արդեն իսկ հեռահար էր դարձել, սակայն չեմ թաքցնի, որ պատերազմի օրերին մտածում էի այն թողնելու մասին։ Ճանապարհի կեսից հետ դառնալը սրտովս չէր, ուստի ընկերներիս ու ավագ գործընկերներիս քաջալերմամբ ու հորդորով որոշեցի ուժ գտնել ու շարունակել։   

 

Թ. Մ.-  Ինչպե՞ս եք քաջալերվում։

Ի. Գ.- Քաջալերվում եմ, երբ որևէ օգտակար գործ եմ անում, երբ որևէ մեկի մոտ կարծրատիպ եմ կոտրում, երբ գտնում եմ նորը բացահայտելու ուղիներ։ Օրինակ՝ այս պահին Ստամբուլում, բացի իմ ակադեմիական աշխատանքից, նաև մի փոքր ծրագրի շրջանակում բացահայտում եմ քաղաքային գրադարանում պահվող հայերեն հին գրքերը։  

 

Թ. Մ.-  Ձեր խորհուրդը:

Ի. Գ.- Թերևս ինքս խորհրդի կարիք ունեմ։ Բայց կցանկանայի հասակակիցներիս հորդորել ավելի լայնախոհ լինել։ Ինքս շատ կարևորում եմ, որ աշխատանքս վերաբերի ու նպաստ բերի հայերին ու Հայաստանին, սակայն նույնքան էլ կարևորում եմ բազմակողմանի հայացք ունենալը, աշխարհի ուրիշ ծայրերում ու ուրիշ մարդկանց հետ կատարվողի մասին տեղյակ լինելը։ Միայն այդ դեպքում դուրս կգանք մեր կղզյակից ու առաջ կգնանք։ 

 

Թ.Մ.-  Ձեր «Մեծ Երազանքը»։

Ի.Գ.- Մեծ երազանքներ չունեմ։ Ցանկանում եմ ապրել արժանապատիվ, ազնիվ վաստակով, խաղաղ ու բարեկեցիկ իմ երկրում։ 

 

Զրույցը վարեց՝ Թեհմինե Մարտոյանը

Պատմական գիտությունների թեկնածու

Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման

բաժնի ավագ գիտական աշխատող

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ