Ստեփանակերտի խանութներու դարակները դատարկ են։ Որոշ խանութներ առհասարակ փակ են։ Հնարաւոր չէ գտնել նոյնիսկ հաց ու ձաւարեղէն։ Հաց կը վաճառուի միայն փուռերու մէջ: Շաքարաւազը, առողջապահական պարագաները, քաղցրեղէնը պակաս են։ Մարդիկ կը սնուին իրենց նախապէս ինչ-որ չափով պահեստաւորած սնունդով:
Այս մասին կը տեղեկացնէ Hetq.am-ը։
Այսօր Ատրպէյճանի կողմէ Արցախի պաշարման 221-րդ օրն է։ Լաչինի միջանցքին վրայ Ատրպէյճանի տեղադրած անցակէտի հետեւանքով կտրուած է Արցախի կապը Հայաստանի հետ, Ատրպէյճանը անգամ Կարմիր խաչին թոյլ չի տար մարդասիրական բեռեր, ինչպէս նաեւ՝ հիւանդներ տեղափոխել։
34-ամեայ Աննա Սարգսեանը միայնակ մայր է, երկու երեխայ ունի։ Որդին փոքր է՝ 2 տարեկան, այդ պատճառով Աննան չի կրնար աշխատիլ, դուստրը 11 տարեկան է։ Երեխաներու նպաստով Աննան որոշ ապրանքներ կը գնէր։
«Մաման Ասկերանում փոքր բանջարանոց ունի ու երբեմն կարտոֆիլ ու լոբի է բերում մեզ։ Խանութներում ոչինչ չկայ, նոյնիսկ լոբին այսօր առանց սոխի եմ եփել։ Ձէթ էլ չկայ, խոզի իւղով եմ ճաշ եփում, որը էլի մաման էր բերել»,- ըսած է Աննա Սարգսեանը։
Անոր խօսքով՝ հաց նոյնպէս դժուար կը գտնէ։ Հերթերու մէջ յաճախ ժամէ աւելի կը սպասէ։
«Լաւ է քոյրս հարեւանութեամբ է ապրում։ Երեխաներին ինքը հետեւում է, մինչեւ ես գնում եմ հացի ետեւից։ Փռերում էլ երկուսի համար չեն թողնում գնել, ասում են՝ թող ինքը անձամբ գայ: Յետոյ ես եմ քրոջս երեխաներին հետեւում, մինչեւ ինքն իր ընտանիքի համար հաց կը գնի։ Որ ժամին էլ գնաս, հերթում սովորաբար 15-20 հոգի լինում է: Մարդիկ ստիպուած հերթ են կանգնում, խանութներում այլեւս հաց չեն վաճառում»,- պատմած է Աննան։
Լուացքի փոշիի բացակայութեան պատճառով հագուստը Աննան ամանի հեղուկով կը կուայ։
«Այդ հեղուկն էլ մի հինգ օր առաջ եմ մի կերպ գտել։ Սա էլ վերջանայ, չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Տանը շաքարաւազը ամանի մէջ եղածն է, այս երկու օրը դա էլ կը վերջանայ»,-ըսած է ան։ Եթէ մօր օգնութիւնը չըլլար, ինքն ալ, երեխաներն ալ սոված կը մնային։