1. Շատ բան հայտնի չէ բաց աղբյուրներից, բայց մի բան հստակ է. հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոյանի տանը, եթե նույնիսկ կասկածի տակ առնենք հանդիպման կազմակերպման նախաձեռնողի հարցը: Տեղի ընտրությունը շատ կարևոր ինդիկատոր է:
2. Այն պնդումները, թե Սերժ Սարգսյանը գնացել է ինչ-որ բան զգուշացնելու Տեր-Պետրոսյանին, ի չիք են դառնում ՝ հաշվի առնելով նախորդ կետը: Եվ հետո զգուշացնելու այլ խողովակներ կան, կա ձեռքի տակ գտնվող մամուլ, խոսք տանող-բերողներ և այլն:
3. Ոմանց համար ցավոք, ոմանց համար բարեբախատաբար, բայց փաստացի ոչ ՀԱԿ-ը, ոչ Տեր-Պետրոսյանը այս պահին իշխանության կյանքը փչացնելու շոշափելի ռեսուրս չունեն: Հետաևաբար հանդիպման մեջ ման գալ ներքաղաքական դավադրություն օբեկտիվորեն անհնար է: Հանդիպումն, այսպիսով, կրել է բացառապես խորհրդատվական և սիմվոլիկ նշանակություն, նախ որովհետև ղարաբաղյան թեման առաջին նախագահը բոլորից լավ գիտի, երկրորդ, որ իշխանությունից դուրս դիալոգը ինչ-որ ֆորմատով կայացնելու խնդիր Սերժ Սարգսյանն ուներ օրակարգում և ընտրեց տարբերակներից իր համար ամենածանրակշիռը՝ խոսել վերջին տարիների ընդդիմություններից ամենաներկայանալի ազդեցություն ունեցածի առաջնորդի հետ: Բացի այդ Տեր-Պետրոսյանն արդեն մեկ անգամ մեկ այլ առիթով հայտնել էր իր պատրաստակամությունը արտաքին քաղաքական հարցերով Սերժ Սարգսյանի հետ երկխոսության գնալու:
4. Չի բացառվում, որ Մադրիդյան սկզբունքների իրագործումը կամ նմանատիպ մեկ այլ տարբերակ դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին և այս հարցում ներքին դաշնակիցներ են պետք: Ու չնայած փաստեցինք, որ Տեր-Պետրոսյանն այս պահին քաղաքական տեղաշարժերի ռեսուրս չունի, բայց որպես դիսկուրս maker ամենաուժեղ սուբյեկտներից է և ներսի, և դրսի կոնկրետ շրջանակների համար, ու գոնե այս հարցում, հատկապես, երբ սկսվի «հանձնում են Ղարաբաղը» վայնասունը, առաջին նախագահի դիրքորոշումը կարող է առանցքայիններից լինել: Բայց սա ընդամենը ենթադրություն է, քանի որ հանդիպման բովանդակությանը մենք ծանոթ չենք:
5. Շատերը, ովքեր այս երկու քաղաքական գործիչների հակադրության վրա կառուցել են սեփական քաղաքական, մանագիտական ճանապարհը, այս հանդիպումից սթրես են ապրել, նաև այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը գնացել է ամենասուր ընդդիմախոսի տուն ու իրենց՝ ավելի մեղմ, «կառուցողական» քննադատողներին չի դիմել: Հանդիպելու առիթն իրոք դրականներից չէ, բայց սա նախադեպ է հայաստանյան քաղաքական մշակույթի համար: Եթե մարդիկ, ովքեր իրար հանդեպ ամենասուր քաղաքական մենամարտն են վարել տարիներ շարունակ, մի կողմ են դրել էտ փաստը ու ինչ-որ ֆորմատով հանդիպելու կամք դրսևորել, ապա կողքի մանր-մունր գործիչներն ու բոլշևիկյան վարք դրսևորողները լավ կլիներ դասեր քաղեին այդ ամենից, ոչ թե խանդոտ թիթիզիկի պես պահեին իրենց ու փորձեին այդ երկու գործիչների անցյալի հակադրությունները վերհիշել. հավատացնում եմ, երկուսն էլ շատ լավ հիշում են, թե ինչ են ասել ու արել իրար դեմ: