image

Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության աճի նոր առիթներ կլինեն. Մասիս Մայիլյան

Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության աճի նոր առիթներ կլինեն. Մասիս Մայիլյան

Այս միջադեպը միանշանակ լրացուցիչ լարվածություն է մտցնելու Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ:

 Այս մասին «Արցախպրես» -ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական տարածքում ռուսական Սու-24 ինքնաթիռի՝ թուրքական զինուժի կողմից կործանելու փաստը:

 

«Այն տեղի չէր ունենա եթե Ռուսաստանը, Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական պայքարի մեջ ներգրավվելով, չհամագործակցեր սիրիական իշխանության հետ, քանի որ այն հակասում է թուրքական շահերին»,- ասաց Մայիլյանը՝ հավելելով, որ տարիներ ի վեր Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում Ասադի վարչակարգը տապալելու համար:

 

Ռուսական ակտիվ ներկայությունը տարածաշրջանում, ըստ Մայիլյանի, խառնել է գերտերությունների խաղաքարտերը, և դրան նյարդային է արձագանքել հատկապես Թուրքիան: «Այս միջադեպը, կարծես թե, սպասելի էր, և այն միանշանակ ավելի է խորացնելու ռուս-թուրքական առճակատումը: Չի բացառվում, որ նրանց հարաբերություններում լարվածության աճի նոր առիթներ կլինեն»,- ասաց Մայիլյանը և ավելացրեց, որ միջադեպը բացասական է անդրադառնալու նաև Իսլամական պետության դեմ միջազգային պայքարին:

 

Դիվանագետի կարծիքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումն ինչ-որ առումով բխում է հայկական շահերից, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ երբ այդ երկրները շատ լավ հարաբերություններ են ունենում, այն հաճախ բացասական է ազդում Հայաստանի և առհասարակ հայկական շահերի վրա: