Յունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանի, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդների եւ Մայր Աթոռում պաշտօնավարող եպիսկոպոսների հետ ներկայ գտնուեց Սուրբ Էջմիածնում ընթացող Միաբանական համագումարի նիստին: Հաւաքին մասնակցում են Հայաստանի եւ Սփիւռքի թեմերից եւ եկեղեցական կառոյցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վարդապետներ ու աբեղաներ, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնից, Կ․ Պոլսի եւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւններից:
Միասնական Տէրունական աղօթքից յետոյ ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրէն եւ միաբանական համագումարի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համաբարձումեանը: Հայր Սուրբն իր խօսքում ներկայացրեց համագումարի մասնակիցների հովուական երկօրեայ այցը Գեղարքունիքի եւ Տաւուշի թեմէր: Հայր Գարեգինն ի մասնաւորի կարեւորեց միաբան հայրերի այցը սահմանամերձ տարբեր համայնքներ, հանդիպումներն արցախեան 44-օրեայ պատերազմում զոհուած, վիրաւոր եւ անյայտ կորած զինուորների, բազմազաւակ ու Արցախից տեղահանուած ընտանիքներին:
Ապա համագումարի մասնակիցներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Նորին Սրբութիւնն ուրախութեամբ ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքի, Սուրբ Էջմիածնում համախմբուած Մայր Աթոռի միաբանների եւ Նուիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայութիւնը համագումարին` ընդգծելով, որ նման հաւաքները կարեւոր առիթներ են հոգով զօրացման եւ ուխտի նորոգութեան համար, ինչպէս նաեւ արծարծելու Հայ Եկեղեցուն, եկեղեցականներին ու հաւատացեալներին յուզող խնդիրները:
«Գոհունակութեամբ ենք անդրադառնում, որ համագումարն անց է կացւում Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1720-ամեակի տարում՝ «էջմիածինը որպէս առաքելութիւն» խորհրդանշական կարգախօսի ներքոյ: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի էջքով Սուրբ Էջմիածինը Աստծոյ առանձնայատուկ օրհնութիւն ու երկնային պարգեւ դարձաւ մեր ժողովրդի կեանքում: Սուրբ Էջմիածնի խորհուրդը գեղեցկօրէն բանաձեւել է պատմիչը` ասելով. «ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապէալ կ'այէ: Սուրբ Էջմիածինը նաեւ դուք էք, նրա առաքելութիւնը ձեր ծառայութիւնն է հայրենիքում եւ աշխարհի տարբեր կողմերում: Տիրոջով ու ձեր արդիւնաւոր սպասաւորութեամբ որքան զօրաւոր էք դուք, այնքան զօրաւոր է եւ Սուրբ Էջմիածինը»,-ասաց Վեհափառ Հայրապետը` ընդգծելով, որ ինչքան արգասալի եւ աշխոյժ է միաբանների հովուական, վարչական, հոգեմտաւոր ծառայութիւնը, այնքան ամուր եւ անսասան է Սուրբ Էջմիածնի առաքելութիւնը ժողովրդի կեանքում:
Ազգի ու հայրենիքի առջեւ ծառացած տարաբնոյթ մարտահրաւէրների պայմաններում Հայոց Հայրապետն անհրաժեշտ նկատեց առաւել արթուն ու պատասխանատու սպասաւորութեան իրագործումը, որպէսզի Եկեղեցին միշտ վառ պահի հաւատքի ջահը եւ պահպանի ու պաշտպանի հայ ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից:
«Այս իրողութիւնների լոյսի ներքոյ մենք պէտք է սահմանենք եւ որոշակիացնենք մեր Սուրբ Եկեղեցու տէրունապատուէր ծառայութեան առաջնահերթութիւնները` իրենց ուղղութիւններով, ծրագրերով ու անելիքներով, եւ լայն ժամանակաշրջանի նախատեսումով հաստատենք մշակուած ռազմավարութիւն` արձանագրելով հովուական գործունէութեան տեսլականն ու ակնկալուող արդիւնքները հոգեւոր, կրթական, մշակութային, հասարակական ոլորտներում, ինչպէս նաեւ նորօրեայ ընկալումներով Աստծոյ խօսքը, հոգեւոր արժէքների քարոզչութիւնն առաւել մատչելի եւ հասանելի դարձնենք մեր Սուրբ Եկեղեցու զաւակներին»,-նշեց Նորին Սրբութիւնը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգութեամբ արձանագրեց, որ Եկեղեցու հեղինակութեանը շարունակաբար հարուածներ են հասցւում` փորձելով նուազեցնել հայ ժողովրդի կեանքում Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ եկեղեցականի բարերար ազդեցութիւնն ու գործունէութիւնը եւ տկարացնել ժողովրդի միասնութեան, միաբանութեան ու ազգային ինքնութեան պահապան աւանդական կառոյցը: Այս առնչութեամբ Հայոց Հովուապետը յորդորեց եկեղեցականներին լինել նախանձախնդիր իրենց խօսքի, գործի ու քայլերի մէջ, սրբագրել թերացումները` բարի օրինակ հանդիսանալով մարդկանց, հանապազ սեր եւ հոգատարութիւն դրսեւորելով ժողովրդի հանդէպ:
Նորին Սրբութիւնն անդրադրաձաւ նաեւ Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններում առկայ տարաձայնութիւններին, որոնք հետեւանք են Եկեղեցու առաքելութեան վերաբերեալ իշխանութիւնների թիւր պատկերացումների, այլեւ հայրենական կեանքի տարաբնոյթ մարտահրաւէրների յանդիման Եկեղեցու սկզբունքային դիրքորոշումների: Այդ ծիրից ներս Հայոց Հայրապետն անընդունելի համարեց «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի դուրս բերումը դպրոցական ծրագրերից, որը կարեւոր նպաստ էր մատաղ սերնդին համամարդկային հոգեւոր արժէքների, քրիստոնէական հաւատքի սկզբունքների, ազգային ինքնութեան եւ ինքնագիտակցութեան, մեր սրբազան ժառանգութեան վերաբերեալ գիտելիքների մատուցման կարեւոր գործում:
«Հայրենաշինութեան, պետութեան բարօրութեան ու զօրացման առաքելութեան մէջ մեր Սուրբ Եկեղեցին միշտ զօրակից է իշխանութիւններին: Սակայն մեր կոչումն է համարձակութեամբ ահազանգել վտանգների մասին, դէմ կանգնել ազգային անդաստանում անարդարութեան դրսեւորումներին, հայրենիքին, համազգային շահերին վնասող գործընթացներին»,-յաւելեց Վեհափառ Հայրապետը:
Յետպատերազմական դժուարին այս իրավիճակում Հայոց Հովուապետը յորդորեց հոգեւորականներին շարունակական ջանքեր գործադրել պատերազմից տուժածների, զոհուածների, հաշմանդամ դարձած, գերեվարուած ու անյայտ կորած հայորդիների ու նրանց ընտանիքների համար մատուցուող հոգեխնամ ու սոցիալական առաքելութեան մէջ:
«Մեր ժողովրդի ու հայրենիքի համար այս դժուարին պահին հրամայական է, որ սփիւռքի համայնքներում ամէնքդ աւելի զօրացնէք ձեր ջանքերը` հնարաւոր բոլոր միջոցները գործադրելու պետական, դիւանագիտական, միջազգային եւ միջեկեղեցական կառոյցների առջեւ բարձրաձայնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, արցախեան հիմնահարցի կարգաւորման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում բնակուող մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ապահովման հիմնախնդիրները, որպէսզի ի զօրու լինենք մեր երկրին պատուհասած փորձութիւններին դիմակայելու եւ հայրենաշահ լուծումներ գտնելու:
․․․Եկեղեցին չունի որեւէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծոյ հանդէպ, հայրենիքի եւ ժողովրդի հանդէպ պատասխանատուութիւնից: Եկեղեցու առաքելութեան հիմնական նպատակը մարդն է ու նրա հոգու փրկութիւնը եւ փրկարար այդ ծառայութեան հետ մէկտեղ` ազգապահպանութիւնն ու հայրենի երկրի զօրացմանը ծառայելը: Արդ, հարկ է յստակ պահել տեսլականը, թէ ինչպիսի հաւատացեալ հայորդի, ինչպիսի հայ մարդ ենք ցանկանում կրթել ու դաստիարակել, որպէսզի հոգեւորականի խօսքն ու անելիքը միտուած լինեն այդ հիմնական գործին: Մարդու կեանքում միայն հաւատքի վերացական առկայութիւնը բաւական չէ, այլ մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեամբ պէտք է շարունակենք կերտել աստուածասէր, հայրենանուէր ու ազգանուէր նկարագրով հայ մարդ` կրողը մեր նախնեաց աւանդների ու ժառանգութեան»է,-եզրափակեց Նորին Սրբութիւնը` բարեմաղթելով միաբան հայրերին իրենց հոգեւոր սպասաւորութեան մէջ Տիրոջ զօրակցութիւնը:
Միաբանական հաւաքի մասնակիցներին ողջունեց ու իր բարեմաղթանքները փոխանցեց նաեւ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը:
Այնուհետեւ համագումարը շարունակեց իր աշխատանքները, որի ընթացքում մասնակիցներին ողջունեցին նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Կ․ Պոլսի եւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնների ներկայացուցիչները:
Զեկոյցներով հանդէս եկան Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ․ Վազգէն արքեպիսկոպոս Միրզախանեանը («Նախաշաւիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի» թեմայով) եւ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը («Հայաստանեայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում» թեմայով), որից յետոյ տեղի ունեցան խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, զեկուցուած թեմաների շուրջ ելոյթներ:
Յունիսի 10-ին` Սուրբ Գրիգոր Լուսաւորչի «Ելն ի վիրապէն» տոնի օրը միաբանական հաւաքի մասնակիցները Խոր Վիրապի վանքում կը մասնակցեն Սուրբ Պատարագին եւ Անդաստանի արարողութեանը: