Փաշինեան կարեւորեց 1991 թուականի սահմաններուն վերադառնալը

Փաշինեան կարեւորեց 1991 թուականի սահմաններուն վերադառնալը

Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ատրպէյճանի միջեւ գոյութիւն ունեցած վարչական սահմանները երկու երկիրներու անկախութեան առաջին ամիսներուն դարձած են պետական սահմաններ, քանի որ թէ՛ Հայաստանը եւ թէ՛ Ատրպէյճանը ստորագրած եւ վաւերացուցած են Անկախ պետութիւններու համագործակցութիւն ստեղծելու մասին 1991 թուականի դեկտեմբեր 8-ի համաձայնագիրը:

Փարիզի մէջ յայտարարած է Նիկոլ Փաշինեան․

«Ընդ որում, երկու երկրներն էլ մինչեւ այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիւ (վարչական) սահմանները, գոյութիւն ունեցող սահմաններն ըստ էութեան դառնում են պետական սահման եւ համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները:

Սա նշանակում է, որ Ատրպէյճանի գործողութիւններն այլ կերպ, քան գիտակցուած ագրեսիա (յարձակում), չի կարելի գնահատել: Ատրպէյճանական օկուպացիայի (բռնագրաւման) հետեւանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարուած: Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելութեան գործուղումն ատրպէյճանական օկուպացիայի հետեւանքով տուժած շրջաններ եւ սահմանային գօտի կ'օգնի, որ միջազգային հանրութիւնն ուղիղ եւ ոչ թէ միջնորդաւորուած տեղեկութիւններ ստանայ:

Համզոուած եմ, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը նոյնպէս հարցը պէտք է շարունակի պահել ուշադրութեան կեդրոնում, եւ այս հարցով ակնկալում եմ նախագահող երկրի աջակցութիւնը:

Գալով երկարաժամկէտ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թուականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատուած սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ատրպէյճան խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների (հաղորդակցութեան միջոցներու) բացմանը եւ նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրէնսդրութեան, որոնց տարածքով դրանք անցնում են»,- նշած է ՀՀ վարչապետը: