image

Պատերազմը ապակայունացուցած է ողջ Կովկասը. Հայաստանը խաղաղութիւն կ'ուզէ. ՀՀ նախագահի հարցազրոյցը իտալական պարբերականին

Պատերազմը ապակայունացուցած է ողջ Կովկասը. Հայաստանը խաղաղութիւն կ'ուզէ. ՀՀ նախագահի հարցազրոյցը իտալական պարբերականին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը հարցազրոյց տուած է իտալական պարբերականին, կը տեղեկանանք Իտալիոյ մէջ ՀՀ դեսպանութենէն։

Իտալական «CORRIERE DELLA SERA»ին Հայաստանի նախագահը ըսած է՝ «Պատերազմը ապակայունացրել է ողջ Կովկասը: Հայաստանը խաղաղութիւն է ուզում»։

Նշենք որ ՀՀ նախագահը աշխատանքային այցով կը գտնուի Իտալիա։ Խաչատուրեան հանդիպումներ ունեցած է Իտալիոյ նախագահ Սերճիօ Մաթարելլայի, Իտալիայի բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցիչներու հետ:

Իրավիճակը տարածաշրջանին մէջ կը շարունակէ մնալ պայթունավտանգ, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքի դէմ նոր ռազմական յարձակման սպառնալիքը չափազանց մեծ է: Այս յայտարարութիւնը ըրած է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը «Corriere della sera» իտալական պարբերականի հետ զրոյցին։

«Բաքուն անտեսում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագիրը, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահը: Ադրբեջանի շարունակուող ագրեսիան նոր ձեւ է ստանում։ Մենք ականատես ենք լինում հարեւան սահմանամերձ շրջանների պարբերաբար գնդակոծութիւններին։ Ցաւօք, մենք չենք տեսնում միջազգային հանրութեան համարժէք եւ կոշտ արձագանգը»,– ըսած է Խաչատուրեան։

Նախագահն անդրադարձած է Լաչինի միջանցքի շրջափակման`յիշեցնելով, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ օղակը արդէն մի քանի ամիս է` փակ է։

«2023 թուականին մենք չենք կարող հանդուրժել, որ 120 հազար մարդ տառապի սովից։ Իսկ մեր հարեւանը ոչ միայն վայելում է անպատժելիութիւնը, այլեւ հաստատապէս հաւատում, որ ռազմական գործողութիւններով կարող է շարունակել հասնել իր նպատակներին»,–ըսած է ան:

Խաչատուրեան անդրադարձած է նաեւ ՀՀ–Ռուսիա յարաբերութիւններուն։

«Մենք շարունակում ենք շատ սերտ յարաբերութիւններ ունենալ Ռուսաստանի հետ. այն մեր առաջին առեւտրային գործընկերն է։ Իսկ մենք ՀԱՊԿ մաս ենք կազմում, Ռուսաստանը խաղաղապահ առաքելութիւն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեանը պաշտպանելու համար։ Բացի այդ, Ռուսաստանում շատ հայեր են ապրում։ Սակայն պատերազմի սկզբից ի վեր կան նաեւ բազմաթիւ ռուսներ, որոնք որոշել են տեղափոխուել մեր երկիր եւ մտադիր չեն հեռանալ մինչեւ դրա աւարտը»,– ըսած է ան։

Խաչատուրեան նշած է` պատերազմը ապակայունացուցած է տարածաշրջանը ամէնէն առաջ տնտեսական տեսանկիւնէ։ Անոր խօսքով` եթէ այդ չըլլար, Հայաստանը կրնար այլ տեսակի յարաբերութիւններ ունենալ թէ՛ Ռուսիոյ, թէ՛ Ուքրանիոյ հետ։