image

Պաքուի «Ռազմավարի պուրակ»ը պէտք է փակուի. Էտմոն Մարուքեանի ելոյթը

Պաքուի «Ռազմավարի պուրակ»ը պէտք է փակուի. Էտմոն Մարուքեանի ելոյթը

Պաքուի «Ռազմավարի պուրակը» յստակ ի ցոյց կը դնէ Ատրպէյճանի իշխանութիւններու յարձակողական էութիւնը եւ անոնց իրական դէմքը. անոնք կը խթանեն ցեղային ատելութիւնը, կը համարեն, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումներու ցուցադրութիւնը յաջորդ սերունդներուն եւ ամբողջ աշխարհին բնականոն երեւոյթ է։ Այս մասին 19 ապրիլին, Եւրոխորհրդարանի մէջ իր ելոյթի ընթացքին նման յայտարարութիւն ըրած է ԵԽԽՎ-ի մէջ հայկական պատուիրակութեան ներկայացուցիչ, ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Էտմոն Մարուքեանը։

Մարուքեանն իր ելոյթին մէջ, մասնաւորապէս, նշած է.

«Յարգելի' գործընկերներ,

2021թ. ապրիլի 12-ին Ատրպէյճանի պետական հեռուստատեսութեամբ հեռարձակուող 1 ժամանոց ռեփորթաժով ներկայացուել է Պաքուում բացուած թանգարանը, որը նուիրուած է Լեռնային Ղարաբաղում 44-օրեայ պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրութեան մէջ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդէս էր գալիս զինուորական համազգեստով` հպարտօրէն շրջելով եւ ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինթեխնիկան եւ հայ զինուորներին ծաղրող իրական չափերի մոմէ մանեքանները:

Այսպէս կոչուած «ռազմավարի պուրակի» կեդրոնական մասը զոհուած եւ գերեվարուած հայ զինուորների սաղաւարտներից պատրաստուած երկար արահետն էր:

Այս ամէնը տեղի է ունեցել ոչ թէ անյայտ մի պետութիւնում, այլ Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւններից մէկում` Ատրպէյճանում: Յիշեցնեմ, որ Ատրպէյճանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել աւելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարուած քաղաքացիական անձանց:

Խնդրում եմ մի րոպէ յատկացրէք եւ նայէք իմ ձեռքում գտնուող  լուսանկարներին: Դրանք անցեալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արուած նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը եւ մարդկային նուաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպէս բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ:

Այս նկարներն ի ցոյց են դնում այն, որ Ատրպէյճանում հայերի եւ Հայաստանի հանդէպ համակարգային ռասայական ատելութիւն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզուելի է եւ պարզապէս անընդունելի։

Այս գործողութեամբ Ալիեւը միացաւ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիթլերը եւ Սատամ Հուսէյնը:

Միեւնոյն ժամանակ այն, ինչ այժմ կատարուում է Ատրպէյճանում, ինձ յիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մէկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հաւաքուած սպանուած իրանական հինգ հազար զինուորների սաղաւարտ՝ աւարտին հասցնելու համար այն յուշարձանը, որը նա անուանել էր «յաղթանակի կամար»: Այդ մարդը Սատտամ Հուսէյնն էր:

Հուսէյնի նման, Ալիեւը եւս չի վերադարձնում ռազմագերիներին:

Հարգելի' գործընկերներ,

Պատմութիւնն ապացուցել է` եթէ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկուում ժամանակին բռնապետերին եւ նրանց ակրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր եւ տարածուում ամբողջ աշխարհում:

Ես կոչ եմ անում ձեզ ուշադրութեան արժանացնել այս իրադարձութիւնները եւ յուսով եմ, որ անհրաժեշտ եւ հրատապ միջոցներ կը ձեռնարկուեն Ատրպէյճանի գործողութիւնները դատապարտելու համար: Այսպէս կոչուած «ռազմավարի պուրակը» պէտք է փակուի»։