image

Նիկոլ Փաշինյանի եւ Նուբար Աֆեյանի հանդիպումը. Կստանա՞ Հայաստանը «Մոդեռնա»-ի պատվաստանյութը

Նիկոլ Փաշինյանի եւ Նուբար Աֆեյանի հանդիպումը. Կստանա՞ Հայաստանը «Մոդեռնա»-ի պատվաստանյութը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Աֆեյանին և նշել. «Հարգելի պարոն Աֆեյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Վերջին անգամ հանդիպել ենք COVID-ից առաջ, ճի՞շտ է: Պետք է նշեմ, որ այս ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ մեր Հայրենիքում:

Մենք մեծ հուզմունքով և ոգևորությամբ էինք հետևում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ձեր ունեցած ներդրմանը, նաև շատ ուրախանում էինք հաջողություններով, որ Դուք, Ձեր ընկերությունն ունեցաք այդ ասպարեզում:

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված այս շրջանում համարում ենք, որ իրադրությունը կառավարելի է, մեր ձեռք բերած փորձը շատ բան սովորեցրեց: Այժմ փորձում ենք հնարավորինս շատ պատվաստումներ իրականացնել մեր քաղաքացիների շրջանում:

Նաև այնպես է ստացվել, որ օտարեկրյա քաղաքացիների շրջանում ենք պատվաստում իրականացնում: Հույս ունեմ այսօր լսել Ձեր տեսակետները և կանխատեսումները կորոնավիրուսի հետագա պահվածքի և այն մասին, թե ինչքանո՞վ պատվաստանյութերի ի հայտ գալը կօգնի, որ հարցը լուծված համարենք, ինչքանո՞վ է դա արդեն մտնում կառավարելիության փուլ և ի՞նչ անկանխատեսելի հնարավորություններ ու սպառնալիքներ կան»,-մասնավորապես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իսկ թե Հայաստանը կստանա՞ Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութը եւ արդյոք քննարկվել է այս թեման, հաղորդագրության մեջ չի նշվում: 

Հիշեցնենք, որ Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության կողմից արտադրված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն աշխարհում լավագույնն է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրես-2021-ի մասնագետների կողմից: Այս դեղամիջոցը շրջանցել է Սպուտնիկ V-ին, ինչպես նաև Pfizer/BioNTech և AstraZeneca պատվաստանյութերին: Թե ինչ սկզբունքով է տեղի ունեցել ընտրությունը`չի հստակեցվում: