image

Ներկայ փուլին «խաղաղութեան օրակարգ»ի մասին խօսիլը բացայայտ ծաղր է. Թաթոյեան

Ներկայ փուլին «խաղաղութեան օրակարգ»ի մասին խօսիլը բացայայտ ծաղր  է. Թաթոյեան

Բացայայտ ծաղր է խաղաղութեան քարոզն այն պայմաններուն մէջ, երբ Ատրպէյճանի նախագահը յայտարարած է, որ 300,000 ատրպէյճանցի արդէն դիմած է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։

Դիմատետրեան էջին գրած է ՀՀ նախկին Մարդկային իրաւանց պաշտպան Արման Թաթոյեանը․

«Քաղաքացիական պայմանագրի վերնախաւը «խաղաղութեան» քարոզը դարձրել է գործիք իշխանութեան մնալու, պաշտօնները պահպանելու համար՝ մեր պետութեան հիմքերն ու ժողովրդի դիմադրողականութիւնը քայքայելու հաշուոյն:

Բացայայտ ծաղր է խաղաղութեան քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը յայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդէն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։

Գոյութիւն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս.«Արեւմտեան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգութեան երաշխաւորում», այդ թւում` Հայաստանի ինքնիշխան տարածքում երրորդ երկրի զինուած ուժերի տեղակայումով։

Ակնյայտ է, որ սա հումանիտար շղարշի ներքոյ Հայաստանի զաւթման ծրագիր է, որ նաեւ բերելու է Հայաստանի ժողովրդագրական վիճակի կործանարար փոփոխութեան: Ակնյայտ է նաեւ, որ այդ անձանց թւում Ադրբեջանի իշխանութիւնը նախատեսել է իր այն յատուկ ծառայութիւնների գործակալների, հայատեացների բնակեցում, որոնք ապահովեցին Արցախի շրջափակումը`«էկոակտիվիստ» ձեւանալով: Ընդ որում, ոչ միայն չի խօսում խաղաղութիւնից, այլ միայն խորացնում է թշնամանքը:

Այս պայմաններում ՀՀ կառավարութեան ղեկավարն ու նրա ետեւից այլ բարձրաստիճան պաշտօնեաներ խօսում են Ադրբեջանի դէմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարելու մասին՝ կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։ Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանութեանը նուիրել հնարաւորութիւն մաքրուելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած յանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագայ յանցանքների համար:

Հայաստանի անվտանգութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը չեն կարող զոհաբերուել կեղծ խաղաղութեան պատրանքի համար՝ յանուն նրա, որ Քաղաքացիական պայմանագրի վերնախաւը մնայ իշխանութեան ու պաշտօններից չզրկուի։

Խաղաղութիւնը բացարձակ արժէք է, բայց կայուն խաղաղութիւն հնարաւոր է միայն երկիրն ուժեղացնելու, մեր ազգային շահերն ու իրաւունքները, արժանապատւութիւնն ապահովելու, դիւանագիտական եւ միջազգային մեխանիզմներն արդիւնաւէտ օգտագործելու միջոցով»։