Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան այցի եւ համերգի առթիվ քննարկվում են նրա կյանքի եւ գործունեության շատ մանրամասներ, բայց չի նշվում, որ Ջեյ Լոն հայ ոսկերիչների պատրաստած զարդերի մեծ հավաքածու ունի։
«Արեւելք»-ի տեղեկություններով, ամերիկացի երգչուհին նախընտրում է Շխրդմյան ոսկեգործների ընտանիքի ստեղծած հեղինակային զարդերը, որոնք ընկերության հիմնադրի անունով կրում են «Եփրեմ» մակնանշումը։
Դեռեւս 2014-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, առաջնության պաշտոնական հիմնը կատարելու ժամանակ Ջենիֆեր Լոպեսը բեմ է դուրս եկել «Եփրեմ»-ի զարդերով։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014
Նրա եւ հայերի այս ոսկերչատան համագործակցությունը վաղեմի պատմություն ունի։ Լիբանանում բնակվող Շխրդմյան ընտանիքը հատուկ Լոպեսի համար ստեղծել է ինքնատիպ հավաքածու, որը համալրվում է ամեն տարի եւ ներառում է ականջօղեր, մատանիներ, թեւնոցներ, տարբեր գլխազարդեր։ Վերջին հավաքածուն Լոպեսը ձեռք է բերել մի քանի ամիս առաջ, որով Նյու Յորքում մասնակցել է ամերիկացի երաժիշտ Ջոն Կանդերի ծննդյան տոնակատարությանը եւ կրել է Եփրեմի տարբեր զարդեր՝ սեւ եւ սպիտակ հագուստներ հետ (լուսանկարում)
Լիբանանում գործող եւ Միջին Արեւելքում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հայտնի «Եփրեմ» ոսկերչատունն աչքի է ընկնում իր նրբաճաշակ ու բարձրաշխարհիկ զարդերով, որոնք տարբեր ժամանակներում կրել եւ դրանցով բեմ են բարձրացել նշանավոր մարդիկ։ Նրանց թվում են նաեւ Լեդի Գագան, Մադոննան, Ռիհաննան, Քեթրին Զետա-Ջոնսը, Ջեսիկա Բիլը, Քուին Լաթիֆան, արաբական աշխարհի աստղեր, թագավորական ընտանիքի անդամներ։
Հայկական միջավայրում հայտնի է «Եփրեմ» ոսկերչատան «Խաչքար» անվանմամբ ոսկյա եւ ադամանդակուռ ապարանջանը, որը տարիներ առաջ հայտնվել էր Շառլ Ազնավուրի դաստակին: Ազնավուրը նաեւ կոչ էր անում գնել հայ վարպետների պատրաստած զարդը, որի վրա «Եփրեմ» ոսկերչատան դիզայներները պատառիկներ են դրոշմել հայկական մշակույթից՝ խաչքար, հայոց այբուբենը, իսկ ապարանջանի ետնամասում՝ Վիլյամ Սարոյանի՝ հայ ժողովրդի մասին երկտողերից: «Խաչքար» զարդն արդեն 10 տարեկան է եւ ընկերության խորհրդանիշներից է։
1964-ին Լիբանանում Եփրեմ Շխրդմյանի հիմնած ոսկերչատունն այսօր ղեկավարում են նրա ընտանիքի երկրորդ սերնդի անդամները:
Շխրդմյանները
Շխրդմյանները շարունակում են ընտանիքի հոր՝ Եփրեմի տեսլականը, որը 1964 թվականին մորից ժառանգություն ստանալով մի ոսկյա ապարանջան, որոշել է շարունակել հայ ոսկերիչների՝ երբեք չընդհատված պատմությունը եւ հիմնել է ընտանեկան ոսկերչատուն։
Լուսանկարներում՝ Ջենիֆեր Լոպեսի հայկական ոսկիների հավաքածուից մի քանի նմուշ․