image

Մյուռոնը բուժում է վերքերը. պատրիարքը ժամանել է Հայաստան

Մյուռոնը բուժում է վերքերը. պատրիարքը ժամանել է Հայաստան

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք   մյուռոնօրհնության արարողությանը մասնակցելու համար Հայաստան   են ժամանել բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, բարձրաստիճան հոգեւորականներ` քրիստոնեական եկեղեցիների 39 պետեր և ներկայացուցիչներ: Հայ եւ օտար հյուրերի շարքում Հայաստան է ժամանել նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքության պատվիրակությունը` պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ:

Շատերի համար պատրիարքի այցը անակնկալ էր, քանի որ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նեղացած էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից, 2013 ու  2014 թվականներին բոյկոտել եւ չէր մասնակցել Մայր Աթոռում տեղի ունեցած Եպիսկոպոսական ժողովներին, որոնց` դարեր հետո անցկացումը մեր հոգեւոր կյանքում համարվում էր մեծ  իրադարձություն: Ավելին` պատրիարքը մամուլում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ երկու անգամ հանդես է եկել զայրալից նամակագրության` սկիզբ դնելով իր ու բազում  էջմիածնական հոգեւորականների միջեւ ակնհայտ լարվածության:  

Սակայն այսօրվա մյուռոնօրհնությանը նրա մասնակցությունը որոշ մարդկանց համար սպասելի էր, որովհետեւ տեղի ունեցածից հետո,  ուրիշ ի՞նչ առիթով կարող էր պատրիարքը գալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եթե ոչ` համայն հայության համար այս կարեւորագույն իրադարձության` սրբալույս մյուռոնի օրհնության բացառիկ առիթով:

«Արեւելքի» տվյալներով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երուսաղեմի հայոց պատրիարքին: