Լոս Անջելեսի աննախադեպ հրդեհից հազարավոր կառույցների շարքում վնասվել են հայերի տներ, խանութներ, հայկական կազմակերպություններ:
Մասնավորապես հայտնի է, որ Ալթադենայում գտնվող «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքերն ամբողջությամբ մոխրացել են: Դպրոցը Լոս Անջելեսի հնագույն կրթական կենտրոններից է, հիմնել են համայնքի մի խումբ հավատացյալ գործիչներ: Այն ունի մանկապարտեզ եւ միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ այնտեղ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։
Այս տարի դպրոցը նշելու էր իր հիմնադրման 45-ամյակը, իսկ վերջին միջոցառումը դպրոցում տեղի էր ունեցել Նոր տարուն. աշակերտներն ուսուցիչների հետ մի շարք միջոցառումներով եւ քրիստոնեական ձեռնարկներով նշանավորել են 2025-ի գալուստը:
Այսօր հարյուրավոր աշակերտներ եւ ուսուցիչներ սգում են սիրելի դպրոցի կորուստը: «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցը պատկանում է Հայ Ավետարանական համայնքին: Առայժմ հայտնի չէ՝ ինչպես են շարունակելու աշակերտներն իրենց ուսումը: