Այսօր առավոտյան Լիբանանի Այնճար հայավանի Սուրբ Պողոս եկեղեցում կատարվեց փետրվարի 1-ին Լիբանանի իր տանն սպանված Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուջանյանի թաղման եւ վերջին օծման կարգը։
Արարողություններից հետո հանգուցյալի մարմինը տեղափոխվելու է Անթիլիասի Մայրավանք, ուր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ կատարվելու է գերեզմանի կարգը, որից հետո Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուջանյանի մարմինն ամփոփվելու է միաբանական դամբարանում։
Ըստ տեղեկությունների, սպանությունը կատարել են ծագումով սիրիացի բանվորներ, որոնք որպես ներկարար աշխատում էին հայ հոգեւորականի տանը։ Նրանք դաժանաբար սպանել են Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուջանյանին՝ հավանաբար կողոպտելու նպատակով։ Մանրամասները բացահայտվում են։
Դեպքից հետո Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ՝ դատապարտելով սպանությունը եւ հայտնելով, որ ամեն ինչ արվելու է, որ հանցագործությունը բացահայտվի եւ ոճրագործները պատժվեն։
Արամ Ա կաթողիկոսի հետ այս առթիվ հեռախոսազրույցներ են ունեցել նաեւ Լիբանանի վարչապետի պաշտոնակատարն ու այլ պաշտոնյաններ։
Սփյուռքում եւ Հայաստանում գործող բազմաթիվ թեմեր, քաղաքական, հասարակական կազմակերպություններ, անհատներ իրենց ցավակցություններն են հայտնել հայ հոգեւորականի դաժան սպանության կապակցությամբ։
Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուջանյանը 43 տարեկան էր։
Ծնվել է 1982-ին, Բեյրութում։ Ավազանի անունն Անդրանիկ է։ Նախնական կրթությունը ստացել է Բուրջ Համուդի Ազգային Սրբոց Քառասնից Մանկանց նախակրթարանում, ապա շարունակել ուսումն Ազգային Լեւոն եւ Սոֆիա Հակոբյան դպրոցի միջնակարգի բաժնում։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանք է ընդունվել 1995-ին։ Ավարտելով Դպրեվանքի Ժառանգավորաց բաժնի հնգամյա ուսումը՝ անցել է Ընծայարանի բաժին եւ առաջին տարվա ավարտին ձեռնադրվել սարկավագ՝ ձեռամբ Տ. Տիրայր Եպս. Փանոսյանի։
Կուսակրոն քահանա է ձեռնադրվել եւ օծվել 2004-ին՝ ձեռամբ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանի, վերակոչվել է Տ.Անանիա աբեղա։
2005-ին հոգեւոր առաքելությամբ մեկնել է Ատրպատականի Հայոց Թեմ՝ ստանձնելով Ուրմիայի հայ գաղութի հոգեւոր հովվությունը, երեք տարի ծառայելուց հետո վերադարձել է Մայրավանք եւ ստանձնել վանական զանազան պատասխանատվություններ։ Մահվանից առաջ ծառայում էր իբրեւ Լիբանանի Բեքայի շրջանի հոգեւոր հովիվ։