Հնդկական Idiva պարբերականում լույս է տեսել Մումբայ (նախկինում՝ Բոմբեյ) քաղաքի մոռացության մատնված Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու և քաղաքի վերջին հայ բնակչի կյանքին՝ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ Զաբել Ջոշիին նվիրված հոդված:
Պարբերականը գրում է, որ Դալալ փողոցի` Մումբայի ֆոնդային բորսայի կենտրոնի, աղմուկի և իրարանցման մեջ կանգնած է մի հին, գրեթե մոռացված շինություն` Սուրբ Պետրոս հայկական եկեղեցին: Այն կառուցվել է երեք դար առաջ՝ 1796 թվականին, հին ժամանակների Բոմբեյի ծաղկուն հայ համայնքի համար: Այսօր Մումբայի հայ համայնքը կազմված է ընդամենը մեկ կնոջից, իսկ եկեղեցին հայ քահանա չունի:
«Հայերի համար եկեղեցական ծառայություններ չեն մատուցվում, թեև մենք եկեղեցին օգտագործում ենք աղոթելու համար», – ասում է Զաբել Ջոշին:
«Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը շատ հեռու ու անիրական թվացող իրադարձություն է Հնդկաստանի բնակիչների համար, սակայն այն մեծ դեր է խաղացել Զաբել Հայկյանի կյանքում»,- նշում է պարբերականը: «Ցեղասպանության պատճառով մեր նախնիները ստիպված էին թողնել իրենց երկիրը և հաստատվել աշխարհի տարբեր վայրերում, – ասում է Զաբելը, – Ես մեծացել եմ Բեյրութում, որն այն ժամանակ համարվում էր Միջին Արևելքի Փարիզը»: Զաբելը Բեյրութում սիրահարվում է մի գուջարաթցի կտորեղենի վաճառականի՝ Կիշորե Ջոշի անունով: Նրանք շուտով ամուսնանում են, և Զաբելը տեղափոխվում է Հնդկաստան:
Հայերը առաջին անգամ Հնդկաստան են եկել Կերալայով և արմատապես հաստատվել Կալկաթայում, ապա շուտով տարածվել նաև Հնդկաստանի այլ վայրերում: Այսօր նրանք բոլորի նման համարվում են Հնդկաստանի մշակութային խառնուրդի մի մասը: Կալկաթան դեռևս զգալի հայկական համայնք ունի, որը կազմված է մոտ 150 մարդուց: Մումբայի հայկական բնակչությունը արտագաղթել է ԱՄՆ և Կանադա, և Զաբելը այժմ համարվում է Մումբայի միակ գրանցված հայը: Նա նաև եկեղեցու խնամակալն է:
Սուրբ Պողոս եկեղեցին երկար ժամանակ փակ է մնացել, քանի որ ո′չ համայնք կար, և ո′չ էլ քահանա: Սակայն եկեղեցու՝ փղոսկրի գույն ունեցող պատերը պատմում են կենսուրախ պատմություններ երջանիկ համայնքի մասին, որը մի ժամանակ հավաքվում էր նշելու Զատկի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունները:
«Ամեն ինչ այժմ բավականին տարբեր է, – ասում է Զաբելը, – ես այս քաղաքում ապրող միակ հայն եմ: Թեև իհարկե, իմ երեխաները նույնպես հայկական արյուն ունեն և ես հպարտ եմ, որ նրանք հայերեն են խոսում, ինչը իմ կարծիքով առաջին քայլն է պահպանելու համար այն ամենը ինչը չի կարող հավերժ ապրել»:
armeniangenocide100.org
Զաբել Ջոշիի դուստրերից մեկը Հնդկաստանում հայտնի դերասանուհի Թուլիփ Ջոշին է: Դերասանուհին ասել է, որ կրում է երկու մշակույթ` հայկական ու հնդկական: Նա նկարահանվել է «Իմ սիրելիի հարսանիքը», «Ազգ՝ առանց կանանց», «Խաբեություն», «Հանրակացարան», «Զգուշացիր», «Իմ անունն է Սինգխ» և այլ հնդկական ֆիլմերում եւ սերիալներում: