«Հայաստանում ապրող սիրիահայերի ամենամեծ խնդիրը մնում է նրանց աշխատանքի, այնուհետև` բնակարանի հարցը: «Արեւելքի» հետ զրույցում ասաց «Հալեպ» հայրենակցական, բարեսիրական- հասարակական կազմակերպության նախագահ Անի Բալխյանը: Ըստ նրա, շատ քիչ են այն սիրիահայերը, որոնց այս երկու խնդիրներն ամբողջությամբ լուծված են: Հակառակ գոյություն ունեցող նշված երկու լուրջ կենսական հարցերին` շարունակում են Հալեպից Հայաստան գալ տասնյակ սիրիահայ ընտանիքներ: Ինչպես տեղեկացրեց Անի Բալխյանը, մայիս ամսից մինչև այսօր, երբ սկսեցին ավելի ինտենսիվորեն գնդակոծվել Հալեպի հայկական թաղերը, միայն իրենց կազմակերպության միջոցով Սիրիայից Հայաստան է տեղափոխել մոտ 200 հոգի: Կան նաև անձնական նախաձեռնությամբ կամ այլ կառույցների միջոցով տեղափոխվողներ: «Հալեպ» հայրենակցական, բարեսիրական-հասարակական կազմակերպությունն այս ծրագրի համար իրականացնում է «Փրկիր մի կյանք» («Save A Life») նախաձեռնությունը, որի շրջանակներում, Հայաստանում և Սփյուռքում գտնվող բարերարների շնորհիվ, Հալեպում անելանելի խնդիրների առջև հայտնված անձանց համար ձեռք է բերվում մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան՝ որպես ապահով երկիր: Այդ խնդրով կազմակերպությանն են դիմում պատերազմական պայմաններում տեղաշարժվելու հնարավորություն չունեցող մարդկանց` այստեղ գտնվող հարազատները:
Մեր զրուցակիցը նշեց, որ դժբախտաբար մեծ է նաև Հայաստանը լքող սիրիահայերի թիվը: Չգտնելով աշխատանք և կանգնելով տան վարձ վճարելու խնդրի առջև` կան սիրիահայեր, որոնք նախընտրում են ետ վերադառնալ. «Մենք կապ պահում ենք նրանց հետ, գնում են և ապրում իրենց տներում, չնայած վտանգավոր է, բայց ասում են` գոնե այստեղ վարձ տալու խնդիր չկա, մի կերպ ապրում են»,- մեզ հետ զրուցում ասաց Անի Բալխյանը:
Վերջին շրջանում Հայաստանում ապրող սիրիահայերի շրջանում միտում կա` Հայաստանից գնալ Լիբանան, որտեղ, ըստ Անի Բալխյանի, նրանք կարգավորում են Կանադա, իբրև ներգաղթյալ անցնելու հարցը: «Մեծ ցավ եմ ապրում սիրիահայ համայնքի այս վիճակի համար: Ցիրուցան եղավ համայնքը, ցավոք մենք չկարողացանք Հայաստանում պահել հայկական հնագույն, ավանդական ու համախմբված համայնքը, մինչդեռ` կարող էինք»,-ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ իր հիասթափությունն ամենևին էլ Հայաստանի կառավարությունից չէ, այլ` սփյուռքահայերից: «Սփյուռքը, եթե ուզեր, Հայաստանում կարող էր համախմբել և պահել սիրիահայ համայնքը: Կառավարությունը ինչ որ կարողացավ` արեց, դռները բացեց մեր առջև, արտոնություններ տվեց, ավելին չէր կարող, մնացածն արդեն սփյուռքահայերը պիտի անեին: Սփյուռքը մեծ ուժ է»,-ասաց Անի Բալխյանը: