Բանակը եւ երէկ, եւ այսօր հաւաքուած են հրամանատարները եւ որոշած են, որ իրենք մինչեւ վերջ անսասան պիտի կանգնին: Այս մասին, այսօր՝ 9 մարտին, Բաղրամեան պողոտայի վրայ ընդդիմութեան հանրահաւաքի ժամանակ նշած է «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը:
«Այս ամէնը կարող էր ուրիշ ձեւ լինել, եթէ ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք: Մենք ունենք մի հարուստ զբօսաշրջիկ, որ 5 աստղանի դղեակում է ապրում, որին սպասարկում են 100-ից աւելի մարդիկ: 170 հոգանոց աշխատակազմ ունի: Մեր պիւտճէի հաշուոյն պտտւում է աշխարհով մէկ ու մի օգուտ չբերելով Հայաստանին: Նոյնիսկ եթէ այս րոպէին նա ստորագրի, դիմի ՍԴ, իմ խօսքերն ուժի մէջ են՝ մենք նախագահ չունենք:
Բայց մենք ունենք այս ԱԺ-ն, որ մեր օրէնքներով գերագոյն իշխանութիւնն է: Այս 2,5 տարում ի՞նչ որոշում է ընդունել, որ օգուտ է եղել մեր ժողովրդին, ոչ մի: Ձրիակերների մի խումբ, որը միայն վնաս է բերում մեր ժողվրդին ու պետութեանը: Իրենցից մենք միայն մէկ աշխատանք ենք պահանջում՝ հաւաքուել եւ պահանջել Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Չկարողանան այստեղ մտնել: Այս մուտքը փակած է, գնացէք փակէք այն մուտքերը, տղերք առաջ: Գնացէք էնտեղ վրաններ խփէք, կը փակենք այդ մուտքը, որպէսզի ոչ մի պատգամաւոր չկարողանայ մտնել այս շէնքը: Բայց կը կարողանա՞նք պահել: Մեզ պէտք է, որ այստեղ ամէն գիշեր 200-300 հոգի մարդ լինի, պաշտպանեն վրանները:Մենք շրջափակում ենք Ազգային ժողովը, եւ ԱԺ-ն կ'աշխատի միայն այն ժամանակ, երբ ընդունելու է մեր պետութեան համար յարիր որոշում: Իսկ մինչ այդ փակէք միւս մուտքերը»,-յայտարարած է Վազգէն Մանուկեանը:
Անոր խօսքէն ետք քաղաքացիները շրջափակած են ԱԺ մուտքերը: