Լուսանկարում անապատից գտնված փոքրիկ հայ տղա է: Նա, զրկված լինելով խնամքից և տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու՝ սնվելով միայն արմտիքով, խոտով և զանազան բույսերով: Նրան գտնելու պահին երեխան լիովին վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից և կեցվածքից: Լուսանկարներն արվել են Հալեպում 1920-21 թթ. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակցուհի Հելեն Մարի Ջերարդի կողմից. նա էլ հետագայում խնամել է այդ մանուկին:
«Երբ ես եկա այստեղ (Վան), բոլոր տներում հայերի դիակներ էին: Թուրքերը դաժան հաշվեհարդար էին տեսել նրանց հետ... Ոմանց գտան և սպանեցին, ոմանք էլ մահացան սովից և հիվանդություններից: Որոշներն այժմ թաքնվում են անտառներում և քարանձավներում: Նրանց մեջ շատ են վայրենացած երեխաները, որոնց ծնողներին սպանել են: Օրերս իմ սանիտարները տեսել են մի այսպիսի երեխայի: Նրանք փորձել էին բռնել նրան, բայց՝ ապարդյուն: Նա ամբողջովին մերկ էր, և հենց նկատեց մարդկանց, գազանի պես այնպես թաքնվեց, որ նրան այդպես էլ չգտան: Տեղի պարետը հայ զինվորներից մի ջոկատ է հավաքել, որոնք մագլցում են լեռները և ամենուր փնտրում վայրենացած երեխաներին: Ոմանց արդեն գտել են և հանձնել պարետին: Ես տեսել եմ նրանց... սարսափելի էր. ուռած փորերով՝ լոկ կաշի ու ոսկոր... ու այն աստիճանի վայրենացած, որ եթե ձեռքդ մեկնես՝ գազանի պես կծում են»:
Կովկասյան ճակատում ռուսական գթության քույր Քրիստինա Սեմինայի նոթերից, Վան, 1915 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ