image

Մարդակերություն

Մարդակերություն

Երեխային հոշոտել են: Ատամները խրել են ու հոշոտել: Արյունը նրանց չի ստիպել կանգ առնել, արյունը ոչ ոքի չի ստիպում կանգ առնել, ո՛չ հարձակվողին, ո՛չ փախչողին, ո՛չ հանձնվածին, ոչ մի տեղ ու ժամանակ: Դեռ չապրած մարդուն կերել են: Գուցե նա ցավից ու ցրտից բղավել է, հնարավոր է նա իրեն մոտեցող գազանին մոր տեղն է դրել ու գգվել է նրան… Իսկ գազանը հոշոտել է, գազանը հասկանում է, որ դիմացն իր ձագը չէ ու հոշոտում է, մարդը չի հասկանում ու իր ձագին աղբանոցն է նետում, ինչպես մսի ոսկորներն է լավ կրծելուց հետո նետում, կամ ձկան փշերն է լպստելուց հետո նետում… Քննչական կոմիտեն հաստատել է, որ փետրվարի 26-ին Մեծամորի աղբանոցում գտնված նորածնին կենդանիները հոշոտել են: Արտաքին դատաբժշկական զննությամբ արձանագրվել է գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթն ամբողջությամբ չի եղել: Նշանակվել է քննություն, որոշում կա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու մասին. երեխայի ծնողները դեռ չեն հայտնաբերվել:

Դեռ-ը կարեւոր բառ է, այսինքն հայտնվելու են, ասելու են, այո, մեր երեխան էր ու հա, մենք ենք նետել աղբամանը, ավելին, կանգնել ենք հեռվում ու նայել ենք, թե ինչպես է լացում, ինչպես են նրան մոտենում գազանները, ինչպես են պոկում դաստակները, ինչպես են հոշոտում մեր երեխային, նայել ենք, հետո տեսել ենք, որ վերջնականապես լռեց, թողել հեռացել ենք՝ մեր տուն, պառկել ենք ու հանգիստ քնել ենք: Գիշերն էլ երազում թիթեռներ ենք տեսել, որոնք ճախրում էին կապույտ մարգագետնի վրա, մի ժամի էլ զարթնել ենք՝ ծարավից, ջուր ենք խմել, ապա համբուրել ենք մեր՝ աղբանոցը չնետված երեխաներին, ծածկել, որ չմսրեն ու էլի հանգիստ պառկել ենք՝ այս անգամ առանց երազների՝ խորը քուն մտնելով:

Դուք չգիտեմ, բայց ես կուզենայի տեսնել այս ծնողներին: Լսել նրանց, գուցե խոսել չգիտեն, երկուսն էլ հազիվ չափահաս են ու երեխաների մասին գիտեն միայն այն, թե ինչպես են ծնվում, հետո, թե ինչ են անում երեխաներին չգիտեն: Կամ հնարավոր է մայրն է հազիվ 13 տարեկան, իսկ հայրը 70 տարեկան ծերուկ է, երկուսն էլ չեն ուզել, որ երեխա ունենան, բայց առնվազն մեկն ուզել է պարզի՝ ինքը կարո՞ղ է արդյոք երեխա ունենալ…Ստացվել է, ստացվել է մարդ, որը կարեւոր չէ, ու հնարավոր է Մեծամորի գյուղերից մեկում հիմա մի 70 տարեկան ծերուկ սպիտակ բեղերն է հպարտորեն շոյում, ու մի հազիվ 13 տարեկան… կին սպասում է հաջորդ գիշերվան, որ գնա ու պառկի այն նույն գազանի առջեւ, որը հոշոտեց իր երեխային:

Բայց սրանք միայն վարկածներ են, իրականում ոչ մի ծերուկ ու ոչ մի հազիվ չափահաս չկա, ոչ մի ծնող չկա, կա նորածին, բայց իրականում նա էլ արդեն չկա եւ կա գազանություն ու աղբանոց եւ մի այգի, որտեղ սալորի ծառ կա, որի տակ կես տարի առաջ՝ 2017-ի օգոստոսի 12-ին, մեկ այլ նորածին հայտնաբերվեց, ում մայրն ավելի բարի էր գտնվել ու դստերը աղբանոցը չէր նետել, այլ ուղղակի դրել էր ծառի տակ…

Կես տարին մեկ մի նորածնից հրաժարվելը շատ չէ՞, դարը մեկ մի երեխայի աղբանոց նետելը գազանություն չէ՞, այսքան շատ ե՞րբ գազանացանք ու այդ ո՞ր գազանի արածն է արդարացվում կերի պակասով:

Ու այս պատմությունը գազանի ու մարդու տարբերության մասին չէ. չկա այլևս այդ տարբերությունը, երեխա հոշոտելն ու նրան աղբանոցը նետելը կամ սալորի ծառի տակ դնելը նույն բանն են, հոշոտողն ու դնողը՝ նույնպես: Նա, ով աղբանոցն է նետել իր որդուն մեզանից մեկն է, ով դստերը սալորի ծառի տակ է դրել էլի մեզանից է, իսկ նրան, ում հոշոտել են մենք ենք՝ հոշոտվածն էլ, հոշոտողն էլ: Այդքան անպաշտպան ենք ու այդքան վայրենի: Եւ ինչո՞ւ, որովհետեւ 13 տարեկանում երեխա ունենալ չի՞ կարելի, այն էլ 70-ամյա ծերուկի՞ց, իսկ 13 տարեկանում մարդ ուտել կարելի՞ է, ո՞րն է ավելի սարսափելի՝ 13 տարեկանում ծնե՞լը, թե՞ ծնածին ուտելը: Որովհետեւ մինչեւ ամուսնանալը երեխա ունենալ չի՞ կարելի, նույնիսկ եթե 25 տարեկա՞ն ես ու բարձրագույն կրթություն ունենալուց բացի նաև գրքե՞ր ես կարդացել ու ջութակ նվագե՞լ գիտես՝ թքած ունենալով, որ հարևաններդ ամեն օր Սպիտակցի Հայկո են լսում: Քանի որ դավաճանության հետևանքով ծնված երեխան չպե՞տք է ապրի, իսկ դավաճանը պե՞տք է, որովհետեւ երեխան ավելորդություն է, երբ հաց չկա՞, իսկ ի՞նչը ավելորդություն չէ, երբ երեխա կա…Լավ այդ ո՞րն է երեխա հոշոտելու արդարացումը…Ես կարծես գտա՝ ավանդույթը: Ի դեպ, մի կշեռք ունեմ, որը կշռում է սեփական երեխան եւ բոլորի ավանդույթները, որոշել եմ դնել աղբամանների մոտ, որ գազանները մոտենան՝ հոշոտելու ու նրանց ատամները կոտրվեն:

Հովիկ Աֆյան

Հովիկ Աֆյան

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին, Աբովյան ք...