Մինչ Սփյուռքի նախարարության պաշտոնյաները հայտարարում են, թե սիրիահայերը չեն ուզում գալ Հայաստան, «Արևելք»-ն ամեն օր հակառակը փաստող նամակներ է ստանում Հալեպում ապրող տասնյակ հայերից, որոնք խնդրում են իրենց ձայնը տեղ հասցնել և պատերազմի դաշտից տեղափոխվել ցանկացող հարյուրավոր ընտանիքների փոխադրել: Ըստ այդ ահազանգերի, շատերն ուղղակի միջոցներ չունեն Հալեպից դուրս գալու կամ ընտանիքով տեղաշարժվելու համար պարզ խորհրդատվության կարիք ունեն: Ահազանգողներից մեկը երիտասարդ կին է՝ Գոհար Գալուստյանը: Նա «Արևելքին» է տրամադրել օրեր առաջ վիրավորված իր դստեր և ավերակ դարձած տան լուսանկարները, նշելով, որ սեպտեմբերի 30-ին իր ընտանիքը պարզապես մահից է փրկվել: Գոհար Գալուստյանը ասում է, որ իր ընտանիքը, շատերի նման, պատրաստ է Հայաստան տեղափոխվել, սակայն չգիտեն ի՞նչ անեն, ո՞ւմ դիմեն...
Հայկական թաղամասում գտնվող նրանց բնակարանի վրա երկու ռումբ է ընկել, ինչի հետևանքով ամբողջությամբ քանդվել է տունը. «Հալեպահայության համբերությունը հատել է: Դժխբախտաբար, պատերազմի վերջը չի երևում, շատերս պատրաստ ենք հեռանալ»,-«Արևելքին» ասաց երիտասարդ հայուհին, որը հալեպահայ Ժանո Գալուստյանի կինն է: