image

Levon Travel-ի երևանյան գրասենյակը նշում է իր 35-ամյակը

Levon Travel-ի երևանյան գրասենյակը նշում է իր 35-ամյակը

Հազվադեպ է պատահում, որ որևէ բիզնես իր երկարակեցությամբ կարող է համեմատվել հանրապետության անկախության տարիքի հետ։ Levon Travel-ն այն եզակիներից է, որը կազմավորվել է դեռ 1990 թվականին։ Գործակալության մասին խոսելիս՝ կարող ենք մի քանի անգամ օգտագործել «առաջին» բառը․ այն ոչ միայն առաջին ճամփորդական գրասենյակն էր, այլև անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ամերիկյան ներդրումը՝ Հայաստանում։

Այս տարի Levon Travel-ի հայաստանյան գրասենյակը նշում է իր 35-ամյակը։ Գործակալությունը նույնիսկ ավելի մեծ է, քան անկախ Հայաստանը ու ինչպես մեր հանրապետությունը, այնպես էլ Levon Travel-ը ձևավորել է իր պատմությունը` Հայաստանի տուրիստական շուկայում սահմանելով բարձր չափանիշներ։

Ինչպե՞ս է կազմավորվել Levon Travel-ը

Գործակալության հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարպիս Թիթիզյանն առաջին անգամ Հայաստան է եկել սիրված դերասան Հրանտ Թոխատյանի հրավերով, դեռևս 1989 թվականին։ Առաջին իսկ այցելության ժամանակ նա որոշեց մնալ Հայաստանում և անել ամեն ինչ, որ օգնի կազմավորել և զարգացնել Հայաստանում տուրիզմի ոլորտը։

 

«Առաջին անգամ Հայաստան եկա 1989 թվականին՝ Հրանտի հրավերով։ Չնայած երկիրը դժվարին ժամանակներ էր ապրում, ես սիրահարվեցի Հայաստանին և որոշեցի մնալ այստեղ։ Հասկանում էի, որ պետք է ընդլայնեմ իմ աշխատանքը և զարգացնեմ զբոսաշրջության ոլորտը, որը դեռ գոյություն չուներ Հայաստանում: Դա բավականին դժվար մարտահրավեր էր․ պատկերացրեք, երկրում նույնիսկ չկային օրենքներ, որոնք թույլ կտային անհատին գրասենյակային տարածք գնել: Ես պետք է սպասեի, որ նորաստեղծ խորհրդարանն օրենսդրություն ընդունի, որպեսզի ես կարողանամ ունենալ իմ սեփական գրասենյակը»,- ասում է Թիթիզյանը։

Levon Travel-ի երևանյան գրասենյակի ավելի քան 25 տարվա տնօրեն Անահիտ Փափազյանի խոսքով՝ այդ օրերին գործակալության աշխատակիցները բազմաթիվ մարտահրավերներ էին հաղթահարում։ Ճամփորդական գործակալության գործունեության մասին հստակ պատկերացումներ չկային։

«Levon Travel-ը իր գործունեությունը սկսել է «Անի» հյուրանոցում՝ փոքր սենյակ վարձակալելով։ Գործը սովորում էինք զրոյից, դժվար պայմաններում, երբ չէր գործում ամրագրման որևէ համակարգ»,- հիշում է նախկին տնօրեն Անահիտ Փափազյանը։

 

Levon Travel-ի գրասենյակի բացումը  

Գրասենյակը վերջնականապես հիմնադրվեց 1991 թվականին՝ Սայաթ Նովա փողոցի բնակելի մի շենքի առաջին հարկում, որտեղ և գործում է մինչև այժմ։ Զարմանալի չէ, որ  քաղաքացիները,  բնակիչները շենքն անվանում են «Լևոն Թրեվելի շենք»։

1990-ականների սկզբի անհանգիստ Հայաստանում գործակալություն բացելը նշանակալի քայլ էր: Ավելին, Levon Travel-ը ոչ միայն առաջինն էր զբոսաշրջության ոլորտում, այլև դարձավ ամերիկյան բիզնեսի առաջին ներդրումը՝ Հայաստանը կապելով աշխարհի հետ։

Կարպիս Թիթիզյանին պաշտոնապես հրավիրեցին Հայաստան և նա դարձավ պետնախարարի ավիացիայի հարցերով գլխավոր խորհրդական։ Նա առանցքային դեր է խաղացել Հայաստանը միջազգային ամրագրման համակարգերին կապելու գործում։

1995 թվականից Levon Travel-ի երևանյան գրասենյակը հանդիսացել է Հոլանդական թագավորական KLM հետ գլխավոր գործակալը Հայաստանում, իսկ 1997-ից՝  նաև British Airways-ի ներկայացուցիչը Հայաստանում։

«Այսպիսով, հաղթահարելով դժվարությունները, ամբողջությամբ զրոյից կառուցեցինք մեր գրասենյակը և տուրիստական ​​բիզնեսը»,- հավելում է Անահիտ Փափազյանը։

Levon Travel-ի ապագան

Ավելի քան 30 տարվա ընթացքում գործակալությունը շարունակել է զարգանալ՝ պահպանելով բարձր որակը և առաջատար դիրքը զբոսաշրջության ոլորտում: Հաճախորդների ցանկում են բազմաթիվ միջազգային հաստատություններ, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի գրասենյակը, դեսպանատները, տեղական և միջազգային բիզնեսները։

Գործակալության կոնցեպտը պրոֆեսիոնալ և անհատականացված մոտեցման մեջ է․ հաճախորդները ստանում են բարձր որակի ծառայություններ և հոգատար վերաբերմունք, ինչի շնորհիվ դառնում  են Levon Travel-ի ընկերները: 

«Մեր հաճախորդները ստանում են ոչ միայն ծառայություն, այլև՝ հյուրընկալություն։ Նապատակը դա պահելն ու ընդլայնելն է՝ նոր նշաձող սահմանելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտում»,- ասում է Levon Travel-ի գործադիր տնօրեն Ծովինար Մարտիրոսյանը:

 

Գործակալության ուժեղ կողմերից մեկը խմբակային ճանապարհորդությունների կազմակերպումն է, հատկապես՝ միջազգային այցելուների համար: Levon Travel-ի հաճախորդներից են տարբեր երկրներում գտնվող հայերը: Դա կարող են լինել, օրինակ, մեծ դպրոցական խմբեր ԱՄՆ-ից, որոնց նպատակն է վերագտնել կապը իրենց արմատների և հայկական ժառանգության հետ։ Գործակալության նպատակներից մեկն է օտար երկրներից ժամանած հաճախորդների համար Հայաստանը դարձնել գրավիչ՝ զբոսաշրջության և բիզնեսի տեսակետից։

«35-ամյակին ընդառաջ ուրախ ենք վերանայել մեր ճանապարհը, գնահատել հաջողությունները և ոգևորված ենք այն ամենով, ինչ սպասվում է մեզ ապագայում: Մեր առաքելությունը նույնն է՝ մատուցել որակյալ ծառայություններ և յուրաքանչյուր ճամփորդություն վերածել անմոռանալի իրադարձության, ոչ թե պարզապես ճանապարհորդության: Հպարտ ենք, որ ունենք նվիրված թիմ, հավատարիմ հաճախորդներ և վստահելի գործընկերներ: Նրանց աջակցությամբ է, որ մենք շարունակում ենք մատուցել որակյալ ծառայություններ և լավատեսությամբ նայել ապագային»,- ասում է Ծովինար Մարտիրոսյանը:

 

Levon Travel-ի գրասենյակ