Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Դաւիթ Բաբայեանը Պաքուի բանտէն 168.am-ին ընտանիքի միջոցով ձայնային հաղորդագրութիւն փոխանցած է, որ կը ներկայացնենք ստորեւ:
«Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ:
Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացէք, ամէն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատուամիջոցներով տեղեկութիւն է դուրս եկել 1992թ. Իւանեանի դէպքերի մասին իմ ասածի լրիւ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձեւ, ես ասել եմ լրիւ հակառակ բան:
Ես ասել եմ, որ այդ դէպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, եւ դա եղել է ներիշխանական պայքարի արդիւնք:
Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյութիւն ունի Իւանեանի ազատագրման համար պարգեւ: Դա նոյնպէս սխալ է ձեւակերպուած: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ:
Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լաւ են վերաբերւում, յատկապէս՝ մէկուսարանում: Որեւէ խնդիր չունենք: Մի անգամ նոյնիսկ վատ խօսք չեն ասել, սուր հայեացք չեն նետել մեր ուղղութեամբ:
Ամէն ինչ նորմալ է նաեւ դատարանում: Աւելին, եթէ նոմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէինք անի: Շատ թէժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթութեան սահմաններում:
Մնացած ամէն ինչ նորմալ է: Ի հարկէ, շատ ենք կարօտում մեր ընտանիքներին: Ի հարկէ, շատ ենք մտահոգուած մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամէն ինչ նորմալ պիտի լինի:
Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաեւ Ծիծեռնակաբերդում: Լաւ եղէք, պինդ եղէք, մեր մասին մի՛ մտածէք»,- ըսած է Դաւիթ Բաբայեանը: