image
Հրատապ լուրեր:

ԼՂՀ-ն երբէք չէ եղած Ատրպէյճանի կազմին մէջ. Արձագանգ ՀՀԿ-էն

ԼՂՀ-ն երբէք չէ եղած Ատրպէյճանի կազմին մէջ. Արձագանգ ՀՀԿ-էն

Հայաստանի Հանրապետական կուսակցութեան Գործադիր մարմինը յայտարարութիւն տարածած է՝ արձագանգելով Ազգային ժողովի ապրիլ 18-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթին։ Կուսակցութեան յայտարարութիւնն ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ․

«Հայաստանի Հանրապետական կուսակցութեան Գործադիր մարմինը ի արձագանգ Նիկոլ Փաշինեանի այսօր Ազգային Ժողովում հնչեցրած մօտեցումների, այն է. «Հայաստանի Հանրապետութիւնը լիարժէք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նոյնը կ'անի՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան (ԽՍՀ) ամբողջ տարածքը ճանաչելով որպէս Հայաստանի Հանրապետութիւն» եւ «…որ պայմանագրին կցուեն Հայկական եւ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութեան կողմից հաստատուած քարտէզները՝ որպէս երկու երկրների տարածքային ամբողջականութեան հիմք»:

Յայտարարում է՝

1. Հայաստանի Հանրապետութիւնն երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետութեան նկատմամբ եւ երբեք նրա տարածքային ամբողջականութիւնը հարցականի տակ չի դրել:

2. Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան տարածքում այդ պահին գործող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութեան օրէնսդրութեան համաձայն ստեղծուել են 2 պետութիւններ՝ Ադրբեջանական Հանրապետութիւն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն:

3. «Պետական անկախութեան մասին» Ադրբեջանական Հանրապետութեան Սահմանադրական ակտով Ադրբեջանական Հանրապետութիւնը չի հանդիսանում Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան իրաւայաջորդը։

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը թէ իրաւական առումով, թէ փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետութեան կազմում չի եղել:

5. 1991 թուականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետութիւնը միացել է 1991 թուականի դեկտեմբերի 8-ի Անկախ Պետութիւնների Համագործակցութեան ստեղծման մասին համաձայնագրին, որը՝

• պարունակում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքների մասին դրոյթ:

• ՀՀ Գերագոյն Խորհրդի կողմից վաւերացուել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրաւունքին:

• չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետութեան սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան սահմաններում ճանաչելու համար:

6. Տարածքային ամբողջականութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախեան հիմնախնդրի կարգաւորման առաջարկուած, բազմիցս արձանագրուած հիմնարար սկզբունքներից մէկն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հետ մէկտեղ, այն ինչ այս ընթացքում, միջազգային հանրութեան կողմից առաջարկուած խաղաղ կարգաւորման գործընթացը ոտնահարուել է՝

• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառմամբ՝ 44-օրեայ պատերազմով:

• Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան խախտմամբ:

• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի անտեսմամբ՝ ներկայիս բանակցային գործընթացում:

7. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական յարաբերութիւնները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետութեանը միայնակ թողնելն ու նրա անվտանգութեան երաշխաւորի պարտականութիւնից հրաժարուելը անթոյլատրելի, դաւաճանութեանը հաւասարազօր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք:

Ուստի՝ Ադրբեջանական Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի երաշխաւորման, իրացման եւ ընթացող բանակցութիւններում փաստաթղթաւորուած բովանդակութեամբ արտայայտուելու հրամայականին»,-ըսուած է յայտարարութեան մէջ։