image
Հրատապ լուրեր:

Կորսուած Զէյթունի յուշամատեանը…

Կորսուած Զէյթունի յուշամատեանը…

Ստեփան Ալաճաճեանի գրախօսութիւնը

1969 թուականին Հայաստան հրատարակչութիւնը լոյս է ընծայել հայ նշանաւոր պատմաբան Հայկազ Պօղոսեանի «Զէյթունի պատմութիւնը (1409-1921 թթ.)» աշխատութիւնը: Մինչ այդ մեր պատմագրութիւնը նման ծաւալով եւ մանրամասն չէր անդրադարձել Կիլիկեան այդ պատմական քաղաքին, նրա հայկական անցեալին, կենցաղին, ռազմական եւ հերոսական պայքարի դրուագներին, ի վերջոյ, անկումին: Պատմագիտութիւնը չէր անդրադարձել, սակայն գրականութեան մէջ ստեղծուել էր գրական գլուխգործոց. Ստեփան Ալաճաճեանի «Եղէգները չխոնարհուեցին» վէպը Զէյթունի հերոսապատման մասին է, որը մեր առջեւ բացում է Զէյթուն աշխարհը՝ իր հող ու ջրով, մարդկանցով եւ ի վերջոյ, զէյթունցիների կեանքի մի կարճ ժամանակաշրջան՝ Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ Կիլիկիա վերադարձած հայերի օրհասական կեանքը 1919-1921 թուականներին: 

Այս վէպը, որ գեղարուեստական պատում էր, այնքան իրական եւ ապրուած է, որ շատ անգամ նոյնիսկ փոխարինում էր պատմագիտութեան բացերին: Եւ ահա, երբ 1969 թուականին լոյս է տեսնում Հայկազ Պօղոսեանի «Զէյթունի պատմութիւնը» գիրքը, Ստեփան Ալաճաճեանն առաջին ողջունողներից է լինում, եւ առաջինը, որ գրախօսութիւն է գրում այդ պատմական աշխատութեան մասին: Գրախօսութիւնը տպագրւում է նոյն թուականին՝ «Գրական թերթ»-ում: 

Գրող-հրապարակախօս Ալաճաճեանը ազգային, հասարակական բազում հարցեր է քննում այդ գրախօսութեան մէջ, եւ տարիների հեռուից այսօր մենք տեսնում ենք, որ դրանք այս օրհասական օրերին նոյնպէս խիստ արդիական են: Ժամանակին Զէյթունն էր դատարկւում, այսօր՝ Արցախը, եւ ինչպէս Ստեփան Ալաճաճեանն է Զէյթունի դատարկման առթիւ արդարացիօրէն հարց տուել. «Ո՞ւր էին եւրոպացի բարեգործները», այսօր էլ մենք՝ մեծ մտաւորականին հետեւելով նոյնը կարող ենք հարցնել Արցախի անկման առթիւ… 

Լինելով ծագումով զէյթունցի, Ալաճաճեանը Զէյթունի պատմութեան մասին լոյս տեսած այդ գրքին վերաբերել է որպէս իր կորսուած հայրենիքի գտնուած յուշամատեանի…

«Արեւելքը», Ստեփան Ալաճաճեանի հրապարակախօսութիւնը թուայնացնելու ծրագրի շրջանակներում ներկայացնում է այդ գրախօսութիւնը: 

 

ԶԷՅԹՈՒՆԻ ՊԱՏՄՈՒԹԻԻՆԸ

Հիմա, երբ այլեւս չկայ պատմական Զէյթունը, որ այժմ կոչւում է Սուլէյմանիէ եւ կան այնտեղ աւերակներ ու մի քանի տուն, որքան անհրաժեշտ, նոյնքան դժուար է Զէյթունի պատմութեան ուսումնասիրութիւնը:

Հիմա, երբ անդրադառնում ենք հայ ժողովրդի մի հատուածի հերոսական էպոպեային, հինգ դար ընդգրկող եւ հինգ տասնեակի հասնող ազատագրական կռիւներին ու պայքարին, որքան յուզիչ, նոյքան երախտագիտական ու շնորհակալ է համարւում կատարուած աշխատանքը: Եւ դա սոսկ պատմութիւն չէ, այլ լեռնային Կիլիկիայում հաստատւած հայ ազատասէր մարդու կենսագրութիւնը:

Մեր ազատասիրութիւնը մեր գոյատեւման հիմքն է եղել, մեր կեանքը եղել է ազատամարտ կամ հերոսամարտ, որի փայլուն օրինակը Զէյթունն է, նրա կենսագրութիւնը: Այդ կենսագրութեան մի քանի էջը փորձել են գրի առնել նոյնիսկ եւրոպացիները (Լ. Պոլ, Վ. Լանգլուա, է. Ռեկլյու, Վետտօ, Վերֆել, Բրայս) եւ այլազգի շատ մարդիկ: Մենք էլ ենք փորձել: Մի տող վերցրել ենք Կիւրեղինի բերդի արձանագրութիւնից, մի պարբերութիւն՝ Զէյթունի Աւետարանի յիշատակարանից, մի նախադասութիւն՝ Պաղ Աղբիւրի քարից, յետոյ՝ թրքախօս հայաշուղների երգերից, ականատեսի վկայութիւնից, բայց ամէնից շատ մեր զգացմունքների ակունքից, մեր գոյատեւելու ոգուց, այսինքն՝ ազատասիրութիւնից: Իսկ մնացածը... Մնացածը, որ կոչւում է փաստագրութիւն, վաւերաթուղթ, պատվական ապացոյց կամ տուեալ, «թաքնուած» է եղել արխիւներում, կաթողիկոսական ու պատրիարքական դիւաններում, պետութիւնների արտաքին ու ներքին գործերի մինիստրութիւնների գաղտնագրերում, սուլթանական Թուրքիայի ոստիկանական ՄԱՏԵԱՆՆԵՐՈՒՄ:

Շատ բան դեռ մնում է «չյայտնաբերուած», շատ բան դեռ մնում է որոշ պետութիւնների, այսպէս կոչուած, «մոռացութեան յանձնուելիք» տետրերում, շատ բան՝ «պատմութիւնից դուրս» կոչուած դարակներում: 

Բայց այն, ինչ հնարաւոր է եղել ձեռք բերել եւ ուսումնասիրել, արդէն արուած է Հայկազ Պօղոսեանի կողմից եւ, ի մեծ ուրախութիւն մեզ, բարեխիղճ ու ջանասէր մարդու նուիրուածութեամբ:

Մեր պատմութեան դրուագներն ուսումնասիրելիս, անկեղծ ասած, ամենից շատ պէտք է ուշադրութիւն դարձնել այն էջերի վրայ, որոնք կարող են մոռացուել, մոռացուել ոչ թէ ուրիշի, այլ մեր կողմից, այսինքն՝ պէտք է փրկել կորստից այն, որ մերն է եղել ու հիմա չկայ:

Այս առումով, Հայկազ Պօղոսեանը մեծ ջանք է գործադրել՝ Զէյթունի հասարակական նիստ ու կացը, սոցիալական դրուածքը, կենցաղագրական յատկանիշները, Զէյթունի չորս իշխանութիւնների կառուցուածքն ու փոխյարաբերութիւնները վեր հանելու համար: Նահապետական կեանքից մինչեւ աւատական ու բուրժուական երեւոյթների ներթափանցումը, Զէյթունը ապրել է հինգ հարիւր տարիների կղզիացած կեանքով, եւ, ինչ խօսք, մեզ հասած արձանագրութիւնները աւելի շուտ վերաբերում են նրա մղած հերոսամարտերին, քան թէ կենցաղին:

Պատմութեան համար ամենադժուարինը դեռ չի լուծուած: Դեռեւս անյայտ է Զէյթունի հիմնադրման թուականը, նաեւ այն, թէ ինչպէս է հիմնադրուել եւ ովքեր են հիմնադրել: Հայկազ Պօղոսեանը ի մի է բերել ցրուած, տարտղնուած բոլոր վարկածները, եղած բոլոր վկայութիւնները՝ Յովնան Ոսկեբերանից մինչեւ «Զէյթունի պատմագիրքը» (1960), բայց, պարզ է, չէր կարող ամբողջացնել գործը, քանի որ Զէյթունի բարբառի ուսումնասիրութիւնը, իր լեզուական ամբողջ իրողութիւններով, դեռ չի հրապարակուած: Զէյթունի բարբառում տեղ գտած ֆրանսերէն "le, la" յօդերի կիրառումը, հարիւրից աւելի ֆրանսերէն բառերի առկայութիւնն ու օգտագործումը (արմուար, ուրագան, սեգմեն եւ այլն) ցոյց են տալիս, որ խաչակրաց արշաւանքի ժամանակաշրջանում գոյութիւն է ունեցել Զէյթունը, գտնուել է ֆրանսիական տիրապետութեան տակ եւ, որպէս հասարակականօրէն կազակերպուած համայնք, որդեգրել է լեզուական այդ իրողութիւնները:

Յոյս ունենք, որ Հայկազ Պօղոսեանը գիրքը վերահրատարակելիս պատմա-համեմատական մի փոքրիկ հետազօտութեան կ'ենթարկի Զէյթունի բարբառը եւ կը գայ այն եզրակացութեան, որ, իրօք, Անիի անկումից էլ առաջ հայեր են ապրել Զէյթունում, եւ այն էլ՝ որպէս համայնք, որովհետեւ Անիի անկումից մինչեւ խաչակրաց արշաւանքի սկիզբը այնքան էլ փոքր ժամանակաշրջան չէ, որպէսզի ենթադրենք, թէ լեզուական իրողութիւնները որդեգրուել են «ոտքի վրայ»:

Արծուաբոյն Զէյթունը որպէս պատմական անուն, որպէս հերոսամարտերի պատմութիւն իր տեղն ունի ոչ միայն հայ ժողովրդի ընդհանուր պատմութեան, այլեւ հայ գրականութեան մէջ: Զէյթունի մասին վէպ, պատմուածք, պոեմ, բանաստեղծութիւն ու երգեր են գրել այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Մ. Պէշիկթաշլեանը, Ծերենցը, Րաֆֆին, Ռ. Պատկանեանը, Յ. Պարոնեանը, Մ. Նալբանդեանը եւ ուրիշներ: 19-րդ դարի երկրորդ կէսից մինչեւ 20-րդ դարի առաջին քառորդը հայ լրագրութիւնը անընդհատ արձագանքել է Զէյթունի իրադարձութիւններին՝ մի կողմից բողոքի ձայն բարձրացնելով Պոլսից մինչեւ Եւրոպա՝ հայ ժողովրդի ազատատենչ ոգին չմորթելու, նրա ազատասիրութիւնը գնահատելու համար, միւս կողմից դատապարտելով սուլթանների գործադրած վայրագութիւնները:

Զէյթունի դէպքերը լուսաբանող հայ մամուլի կատարած դերին ու նրա նշանակութեան նուիրուած գլխում, Հայկազ Պօղոսեանը սքանչելի վերլուծութիւններով կարողացել է վեր հանել դարաշրջանի գրական ամբողջ պատկերը ոչ միայն արեւմտահայ ու արեւելահայ, այլեւ համաշխարհային գրականութեան մէջ մինչեւ Վ. Բրիւսովը, որը «Զէյթունի քայլերգը» զետեղել է իր կազմած հայ պոեզիայի անթոլոգիայում: Առաւել շնորհակալ աշխատանք է կատարել հեղինակը, երբ հմուտ փաստարկումներով ցոյց է տուել, որ Զէյթունի կռիւներին օտարերկրեայ պետութիւնների միջամտութիւնը ինչպիսի քաղաքական նկրտումներ էր հետապնդում: Եւրոպան եւ ամենից առաջ Եւրոպան (իմա՝ Ֆրանսիան) Զէյթունի 1854, 1862, 1872, 1878 թուականների հերոսական պայքարներին միջամտում էր ոչ թէ խղճալով Թուրքիայում ապրող հայ քրիստոնեաներին, այլ Լիբանանի օրինակով Կիլիկիան դարձնելու իր վասսալական մարիոնետը: Հեղինակի՝ եւրոպական դիւանագիտութեան շահադիտական նպատակների բացայայտումը լաւագոյն պատասխանն է այն միամիտներին, որոնք Եւրոպայի հետաքրքրութիւնը Զէյթունի նկատմամբ համարել են «բարեգործութիւն»: Եւ ահա, անդրադառնալով 1915 թուականի Զէյթունի տեղահանութեանը, Հ. Պօղոսեանը միանգամայն ճշմարիտ հարց է տալիս. որտե՞ղ էին «բարեգործները»: Դիւանագիտութեան, յատկապէս քաղաքականութեան ասպարէզում բոլոր օտարերկրեայ պետութիւնների հետաքրքրասիրութիւնը լոկ մի ելակէտ է ունեցել՝ շահը: Իրենց շահերից ելնելով, եւրոպական պետութիւնները հայ ժողովրդի արեւմտեան հատուածի բախտը դարձրել են բախումների անվերջանալի, հիւծող ու մահաբեր խաղ: Հայկազ Պօղոսեանի մենագրութեան ամենամեծ արժանիքն այն է, որ «կղզիացած» համարուող Զէյթունի ռազմա-քաղաքական դէպքերի ընթացքը բացայայտւում է ոչ միայն Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձութիւնների, այլեւ տուեալ ժամանակաշրջանի միջազգային բարդ վերիվայրումների ֆոնի վրայ: Իր գնահատումների մէջ զուսպ, վերլուծութիւնների մէջ բազմակողմանի դատողութիւնների եւ ընդհանրացումների մէջ խիզախ պատմագիրը հրապարակ է հանել յաջողուած մի գործ: Դժբախտաբար, այս արժէքաւոր գրքի լեզուն տեղ-տեղ անհարթ է, շատ են խմբագրական վրիպումները: Կան նաեւ չգրուած էջեր, չգրուած գլուխներ, ինչպիսիք են՝ Զէյթունի ռազմավարութեան սկզբունքները, ստրատեգիան եւ տակտիկան, Զէյթունի հաղորդակցութեան միջոցները արտաքին աշխարհի հետ, Զէյթունի պատմական յուշարձանների արձանագրութիւնները, եւ այլն, որոնք չպէտք է մոռացութեան մատնուեն:

 

«Գրական թերթ»

1969թ. 12 Դեկտեմբեր