image

Խաղաղութեան պայմանագիրը 90 տոկոսով պատրաստ է. Փաշինեան

Խաղաղութեան պայմանագիրը 90 տոկոսով պատրաստ է. Փաշինեան

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը դիմատետրեան գրառմամբ անդրադարձած է Ատրպէյճանի հետ բանակցային գործընթացին՝ կէտերով ներկայացնելով Հայաստանի առաջարկը։

«1. Արեւմտեան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբէյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւմտեան Ադրբեջան: Եթէ շատ են ուզում այլ տեղ փնտռել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտեան Ադրբեջան:

2. Արեւմտեան Հայաստանն Արմաւիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւմտեան Հայաստան:

3. Արեւելեան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւելեան Հայաստան:

4. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրաւունքների հարցը՝ «Արեւմտեան Ադրբեջանի» խօսոյթի ներքոյ: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտեան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խօսոյթը, այս ձեւակերպման բերումով հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարաւորութիւն, որովհետեւ ակնյայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրաւունքի սուբյեկտ, ինքնիշխան պետութիւն Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պէտք է հրաժարուի «Արեւմտեան Ադրբեջանի» եւ այդ կարգի խօսոյթներից:

5. Նախորդ կէտում նշուած հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրաւունքը կասկածի տակ դնելով պաշտօնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետութեան դէմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարաւորութիւն:

6. Տարածաշրջանում երկարատեւ կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատելու Հայաստանի Հանրապետութեան առաջարկը յստակ է.

ա) փոխադարձաբար հրաժարուել էսկալացնող խօսոյթներից,

բ) Բերքաբեր-Ոսկեպար հատուածում իրականացուած սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման յանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրայ շարունակել սահմանազատման գործընթացը։

գ) կնքել Խաղաղութեան պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է,

դ) իրագործել «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաեւ Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետութեան տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդիւնքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացուած առաջարկների,

ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննութեան համատեղ մեխանիզմ ներդնել,

զ) ամբողջական կերպով լուծել պահուող անձանց խնդիրը,

է) ամբողջ ինտենսիւութեամբ աշխատել գտնուելու վայրն անյայտ համարուող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրայ,

ը) հրաժարուել միմեանց նկատմամբ առաջադրուած պահանջներից, ներառեալ բայց ոչ միայն միջազգային դատական ատեաններում,

թ) աշխատել Խաղաղութեան պայմանագրի կէտերի ամբողջական եւ արդիւնաւէտ իրագործման վրայ,

ժ) սպառազինութիւնների փոխադարձ վերահսկման, քվոտաւորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւաւորել,

ի) երկու երկրներից փախստականների հետ կապուած հարցերը քննարկել ամբողջութեան մէջ, խաղաղութեան հաստատումից յետոյ ձեւաւորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական յանձնաժողով,

լ) լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։